Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն ու քարտուղարությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է Հայաստանում ռուսական թատրոնի ականավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը:
Մեծն Արամ Խաչատրյանի զարմուհին ավարտել էր Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը: Մհեր Մկրտչյանի վերջին համակուրսեցիներից մեկն էր:
Վաթսուն տարուց ավելի Լեյլի Խաչատրյանը ծառայեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին, ստեղծեց մոտ 150 բեմատիպար, որոնք աչքի էին ընկնում վառ ու ցայտուն բնութագրականությամբ, կատակերգական ընդգծված գույներով, վարքագծի ճշգրիտ վերարտադրմամբ: Նա շարունակում էր այս թատրոնի մեծերի լավագույն ավանդույթները, դառնում թատրոնի հենասյուներից:
Կյանքի վերջին տարիներին Լեյլի Խաչատրյանը հրատարակեց իր դիտումների ու ապրումների մասին պատմող գիրք, որը դասագիրք կարող է լինել շատերի համար:
Հայաստանյան թատերական աշխարհն այսօր սգում է ականավոր դերասանուհու, հրաշալի մարդու ու ընդգծված անհատականության կորուստը…