

Այսօրվա զարգացումների տեսանկյունից կարելի է ասել, որ ապագան կարող է մի քանի ուղղությամբ ընթանալ, խոսելով Թուրքիայում 1915 թվականի դեպքերի ընկալումների մասին «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Թուրքիայից փորձագետ, քաղաքագիտության դասախոս Չենգիզ Աքթարը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր խոսքում նշել է, որ Թուրքիայի կողմից ճանաչումն անխուսափելի է:
Անատոլիայում այսօր հասկանում են, որ այն ինչ կատարվեց հայերի հետ 1915 թվականին, իրենց համար քաղաքակրթության կորուստ էր, ասաց Թուրքիայից փորձագետ, քաղաքագիտության դասախոս Չենգիզ Աքթարը:
Այսօր, սակայն, հիշողությունները վերականգնելու քայլեր են ձեռնարկվում թուրքական հասարակությունում, ինչը կարևոր համարեց թուրք փորձագետը: Նա տեղեկացրեց, որ թուրք հասարակությունն այսօր մասնատված է. գոյություն ունի պաշտոնական թուրքական կարծիք ու հասարակական ենթախմբեր, որոնց կարծիքները տարբեր են, ու չեն մտածում այնպես, ինչպես կառավարությունը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ևս դինամիկ զարգացում է տեսնում այս առումով Թուրքիայում և ոչ միայն այլ է արևմտյան հարևանների հանդեպ հայերի վերաբերմունքն այսօր: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների պրոբլեմի անունը Էրդողան է ու Դավութօղլու: Քաղաքագետը վստահ է՝ հայ-թուրքական սահմանը մի օր կբացվի:
«Թուրքիայի հետ սահմանը մի օր կբացվի, չի լինում հավերժ փակ սահման: Չգիտեմ, թե դա երբ կլինի՝ 1, 10, 40 թե 100 տարի հետո, բայց այն անպայման կբացվի: Երբ բացվի, նոր իրավիճակ կառաջանա, որին մենք բացարձակ պատրաստ չենք»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ սխալ համարեց թուրքերի՝ հայկական սյուռքի հետ համագործակցության փորձերը: Թուրքերը հայերի հետ պետք է ուղիղ բանակցեին, ասում է քաղաքագետը:
Հայկական սփյուռքի հետ համագործակցության հետևանքով Ռուսաստանի դերը կարևորվեց տարածաշրջանում ու ավելի կամրապնդվի, եթե Թուրքիան ուշքի չգա, հավելեց քաղաքագետը: Թուրք փորձագետն էլ իր հերթին հստակեցրեց, որ պատմության հետ առերեսվելու գործընթացը Թուրքիայում կանգ չի առնելու:




