ՀասարակությունՑեղասպանություն 100

Անմեղ արյունը չի կորի, բալա, պատասխան են տալու»,- ասում է 103- ամյա Կնյազ պապը

satikisahakyan

Ցեղասպանությունը վերապրած Կնյազ պապիկին  վերջերս  այցելել  էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, զրուցել հետը, հետաքրքրվել առողջությամբ: Նախարարը պապիկին դրամական պարգև էր հանձնել: «Մենք որտեղ որ ապրել ենք, միասին ենք եղել՝ հորեղբորս ընտանիքի հետ միասին, միասին էլ Արազն անցել ու հաստատվել ենք Հոկտեմբերյանի գյուղերում»,- ասում է ցեղասպանությունը վերապրած Կնյազ պապիկը: այժմ կրտսեր տղայի հետ ապրող 103- ամյա Կնյազ պապն ունի 6 երեխա, 21 թոռ, 12 ծոռ և 3 կոռ։

103-ամյա Կնյազ պապիկը հիվանդության պատճառով հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Թոռը՝ Աննան, ասում է, որ մի քանի տարի առաջ ավելի լավ էր հիշում և նորից պատմում էր իրենց ընտանիքի պատմությունը: Պապի ծննդավայրը Զըռչի գյուղն է: Կնյազ պապիկն այժմ աղոտ է հիշում այն իրողությունները, որոնք պատմել են հայրն ու մայրը, երբ  1918 թվականին փախել են թուրքի կոտորածից:

Մեծ տնտեսություն են ունեցել, հարգված՝ տեղացիների կողմից: Կնյազ Շիրինյանի պատմելով` իրենց տեղափոխմանն օգնել են քրդերը և փախել են գիշերով: Քրդերի հետ բարեկամություն են արել, բեգը միշտ պատվել է իրենց  ընտանիքին: Տաճկաստանից եկել են հայրը, մայրը, հորեղբայրը:

Հորեղբայրը հեքիմ է եղել ու շատերի վերքերին է բալասան դրել, ազգանունն էլ այդտեղից է առաջացել՝ շիրին-յարա:

Հովհաննես պապին կորցրել են եղեռնի ժամանակ, իսկ իրենք անցել են Արաքս գետով:

Պապիկն ասում է, որ մի քանի ամիս ապրել են Հոկտեմբերյանի շրջանի գյուղերից մեկում, հետո տեղափոխվել են ներքին Թալին, տարիներ հետո նորից վերադարձել  Արաքսի ափ:

Ծնողները վաղ են մահացել, Ղուզիգիդանում, այժմյան Այգեշատ գյուղում  են հանգչում: Նրանք շատ հյուրասեր մարդիկ են եղել:

Կնյազ Շիրինյանն ունի 2 տղա և չորս աղջիկ: Առաջնեկը ծնվել է 1941 թվականին, որից հետո մեկնել է պատերազմ, կռվել է Կերչում, գերի ընկել, իսկ 1946 թվականին վերադարձել է տուն: 40 տարի աշխատել է Ջանֆիդայի ֆերմայում՝ անասնապահ, հետո զբաղվել է հողագործությամբ: Երկրում ծնողները նույնպես զբաղվել են հողագործությամբ ու անասնապահությամբ, ոչխարների սուրու են ունեցել:

Ցեղասպանությունը վերապրած Կնյազ պապիկը լավ չի հիշում ծնողների անցած գաղթի ճամփան, սակայն իր մտքում պահվել են Ալաշկերտի, Էրզրումի գյուղերի անունները, բաց արոտավայրերը, իր նախնիների երկիրը, որը կորցրեցին 1918 թվականին:

Պատմում է իր ընտանիքի պատմությունը, իսկ արդեն վերջում ասում. «Անմեղ արյունը չի կորի, բալա, պատասխան են տալու»։

Կարդացեք նաև

Back to top button