Միջազգային

Դ. Մեդվեդեւ. Պատժամիջոցներից վնասը այս տարի կկազմի 75 մլրդ դոլար

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Պետդումայում հայտարարել է, որ տնտեսությունում բացասական միտումները պահպանվում են, այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ- ի անկումը կազմել է 2 տոկոս։ Նրա խոսքով՝ արդյունաբերությունում նկատվում է 0,4 տոկոսի անկում, հատկապես մեծ է նվազումը ներդրումների ոլորտում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վարչապետը հիշեցրել է, որ 2014- ին ՀՆԱ- ի աճը կազմել է 0,6 տոկոս։ Իրավիճակը հատկապես լարված էր նախորդ տարվա վերջին- այս տարվա սկզբին, ընդգծել է Մեդվեդեւը։

Նրա գնահատմամբ՝ արեւմտյան պատժամիջոցների պատճառով 2015- ին Ռուսաստանը կարող է ունենալ 75 մլրդ դոլարի կորուստ կամ ՀՆԱ- ի 4,8 տոկոսը։ «Սահմանափակումներից կորուստները նշանակալից են։ Արտասահմանյան մի շարք փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանին հասցվել է ընդհանուր առմամբ 25 մլրդ դոլար (ՀՆԱ 1,5 տոկոս) վնաս։ 2015- ին այն կարող է ավելանալ մի քանի անգամ»,- ասել է Մեդվեդեւը։

«Անշուշտ՝ «Ղրիմի որոշման» արդյունքում տնտեսական հետեւանքները կլինեին ավելի հեշտ, եթե մեր տնտեսությունում չկուտակվեին մի շարք ներքին խնդիրներ, որոնք չհասցրեցինք լուծել»,- վարչապետի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։

Միաժամանակ՝ Մեդվեդեւն ընդգծել է, որ ներկա ճգնաժամը հնարավորներից ամենածանրը չէ եւ իրավիճակն արդեն հնարավոր է եղել կայունացնել։

Կարդացեք նաև

Back to top button