Հռոմի պապի ելույթից հետո ադանացի ընտանքին սկսել են հալածել
Վատիկանում ապրիլի 12-ին կայացած պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու հովվապետի ելույթից հետո Թուրքիայում բարձրացած զայրույթի ու սպառնալիքների ալիքը տարածվում է նաև այնտեղ բնակվող մեր հայրենակիցների վրա: Մասնավորապես՝ պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանի ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից: Տեղի իշխանությունները նրան խորհուրդ են տվել այսուհետև նպաստ պահանջել հայկական սփյուռիքից:
Ermenihaber-ը՝ հղում անելով «t24.com» կայքին հայտնում է, որ ավելի ուշ Վաննիս Չեթինյանը զրկվել է նաև աշխատանքից. Դումլույան գյուղի մահմեդականները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելիս հրաժարվել են վերջինիս ծառայություններից: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում:
Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝ գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է:Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են:
Տեղի մահմեդական բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում: «Մեր մասին բղավում են, թե այդ հայերին պետք է խեղդել գետում, բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,- պատմել է Չեթինյանը: