Ցեղասպանություն 100Քաղաքական

Ամերիկացի սենատորները բանաձև են ներկայացրել, որով անընդունելի է համարվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը

Հետևելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին՝ ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները ներկայացրել են օրինագիծ, որի նպատակն է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «ամբողջական ճանաչման» վրա, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

Այս օրենքը ներկայացվել է ապրիլի 24-ի առիթով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպասվող հայտարարությունից առաջ: Ներկայացված օրինագիծը գրեթե նույնն է, ինչ 2014 թվականի ապրիլին ներկայացվածը, միայն ավելացված է Հռոմի պապի հայտարարության մասին հատվածը:

«Բանաձևն ասում է, որ անընդունելի է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և պատմությունը և շարունակել լռեցնել մահացածների ձայները: Երբ աշխարհն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է ստանձնի այս ցեղասպանությունը ճանաչելու պարտավորությունը՝ անմեղ զոհերի հիշատակը հարգելու և թույլ չտալու համար, որպեսզի նման ողբերգությունները կրկնվեն»,- ասել է Մենենդեսը:

«100 տարին չափազանց շատ է 1,5 միլիոն հայերի սպանությունն իր անունով չկոչելու համար՝ ցեղասպանություն»,- ասել է սենատոր Քրքը:

«Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի դա որպես ցեղասպանություն, հարգի զոհերի հիշատակը և անի հնարավորը՝ նման հանցագործությունների կրկնություն թույլ չտալու համար»,- հավելել է նա:

«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ անասելի ողբերգություն, որը բիծ է թողել աշխարհի հավաքական խղճի վրա»,- ասել է սենատոր Բոքսերը: «Ավելի քան 20 երկիր, ԱՄՆ 43 նահանգ և Հռոմի պապը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա նրանց»,- հավելել է նա:

Back to top button