

Վաղը՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Փաստաթղթով Ազգային ժողովը կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին՝ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, երախտագիտություն հայտնելով այն երկրներին, որոնք արդեն արել են դա:
Հայտարարության նախագիծը, հիշեցնենք, քննարկվել էր նախորդ քառօրյայի վերջին օրը, վաղվա արտահերթ նիստում խորհրդարանը միայն կքվեարկի այն: Նախագծի հեղիանկներից ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարևորում է նման փաստաթղթի ընդունումը՝ համոզված, որ այն կընդունվի խորհրդարանի միաձայն քվեարկությամբ:
«Քաղաքական առումով ճիշտ չէր լինի, որ Հայաստանի խորհրդարանը նման նախաձեռնությամբ հանդես չգար: Այս հայտարարությունից հետք մենք սպասելիքներ ունենք, որ նոր երկրներ խորհրդարաններ կանդրադառնան Հայոց ցեղասպանությանը: Ազգային ժողովի կողմից ավելի քան 80 հրավեր է հղվել տարբեր երկրների խորհրդարաններին, այս պահի դրությամբ 32-ը հաստատել են իրենց մասնակցությունը տարբեր մակարդակներով»:




