ՄշակույթՑեղասպանություն 100

Նորվեգացի երաժիշտները Շուշիում եւ Ստեփանակերտում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արցախյան  ծրագրի շրջանակներում  նորվեգացի երաժիշտներն այսօր  համերգով հանդես կգան Ստեփանակերտում, դրան զուգահեռ նրանք  վարպետության դասեր կանցկացնեն Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Իսկ հայ եւ նորվեգացի երաժիշտները համատեղ համերգը տեղի էր ունեցել երեկ՝ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում։

Հայ և նորվեգացիերաժիշտների համատեղ համերգը մեկն է  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմած միջոցառումների ցանկից: Այն ավելի քան   30 միջոցառում է ընդգրկում և մեկնարկել է ամիսներ առաջ: Նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով`  այն   հիմնականում    իրազեկման բնույթ ունի և ուղղված է նախ և առաջ  հայ երիտասարդներին:

Օտարներին ուղղված ծրագրերի շարքում  նախարարն առանձնացրեց Արցախի կամերային նվագախմբի համերգները Բոստոնում և Լոս Անջելեսում: Դեպի դուրս ուղղած  իրազեկման արշավներին ակտիվ մասնակցում են երիտասարդները՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները:

Մշակութային միջոցառումներից նախարարն առանձնացնում է նաև  ցուցահանդեսները՝ արցախցի նկարիչների գործերն են ներկայացվելու, նաև Ստեփանակերտ են բերվելու արևմտահայ նկարիչների կտավները:

Ապրիլի 22-24  Արցախը միանալու է համահայկան միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակվելու է ողջ տարվա ընթացքում, ասում է նախարարը: Հիմնական միջոցառումներից  մեկը ստեպտեմբերի 1-ին տեղի կունենա՝ Շուշիում կներկայացվի Վերդիի «Ռեքվիեմը»։

Back to top button