Մյուս ամիս կստորագրվի ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերին ՀՀ և ԵՄ կստրորագրեն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Դա նոր էջ կբացի հայ-եվրոպական հարաբերություններում և փոխադարձ շփումներում, հարցում համակարծիք են ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի դիվանագետները:
Այսօր ելույթ ունենալով Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ սեմինարում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հիշեցրեց, որ 8- ամսյա բանակցությունների արդյունքում այս համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է հոկտեմբերի 18-ին Բրյուսելում:
«ԵՄ—ն և Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիություն և անկասկած կբարելավի համագործակցությունը ԵՄ—ի և Հայաստանի միջև»,- ասաց նա:
Անդրադառնալով համաձայնագրին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը կարևորեց այն ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում` նշելով, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի ժողովուրդների միջև շփումների ակտիվացման համար:
Նախատեսվում է, որ ԵՄ երկրներ կարճաժամկետ մուտքի արտոնագրերը այսուհետ կարժենան 35 եվրո` ներկայիս 60 եվրոյի դիմաց, իսկ բնակչության որոշ խմբերին այն կտրամադրվի անվճար: Դրանք լրագրողներն են, ուսանողները, մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտում փորձի փոխանակման շրջանակներում ճանապարհորդող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև առողջական նկատառումներով ճանապարհորդող անձինք։
Բազմակի այցելության շենգենյան վիզաները կտրվեն 5 տարի ժամկետով: Դիվանագետը նշեց, որ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրներ:
Թեպետ համաձայնագիրը կվավերացվի միայն գալիք տարվա առաջին կեսին, Հայաստանի կառավարությունը արդեն իսկ իր որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից սահմանել է ԵՄ երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց մուտքի արտոնագրերի այցելելու կարգ:
Անդրադառնալով հետընդունման հետ կապված հարցերին՝ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ համապատասխան համաձայնագրի գործողության մեջ մտնելը չի հանգեցնի մեր հայրենակիցների զանգվածային վերադարձի եվրոպական երկրներից:
Ըստ պաշտոնյայի, Հայաստանը 2003 թվականից ի վեր արդեն կնքել է ռեադմիսիային համաձայնագրեր 14 երկրների հետ:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց, որ համաձայնագրի վավերականացումը Բրյուսելում չեն կապում փետրվարին անցկացվելիք Հայաստանի նախագահի հերթական ընտրությունների ընթացքի հետ: Այսինքն՝ շենգենյան արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցում հետընթաց քայլեր չի ակնկալվում: