Ցեղասպանություն 100

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը.The Jerusalem Post

Ցուցադրելով իրեն բնորոշ բարոյական պարզությունն ու զգայունությունը՝ Հռոմի պապը Թուրքիայի կողմից մոտ 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների դաժան կոտորածն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որակեց որպես ցեղասպանություն։

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ այսպես է Պապը այն բնութագրել կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագի ժամանակ՝ նվիրված հայերի սպանությունների 100-րդ տարելիցին։ Այս մասին իր խմբագրականում գրում է  The Jerusalem Post-ը։

Իր ելույթում Ֆրանցիսկոսը միահյուսել է մուսուլմանների կողմից քրիստոնյաների հանդեպ այդ ցեղասպանությունը ներկայում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում մուսուլմանների կողմից քրիստոնյաների հետապնդումների ու կոտորածի հետ։

Ապրիլի 24-ին՝ Հիշատակի հայկական օրվան ընդառաջ, իսրայելական պետությունը պետք է հետևի Պապի օրինակին և կանխամտածված կոտորածը ճանաչի որպես ցեղասպանություն։

100 տարի առաջ հենց այդ օրն էր, երբ 250 ականավոր հայեր՝ գրողներ, բժիշկներ, բանկիրներ և օսմանյան խորհրդարանի անդամը ձերբակալվեցին Ստամբուլում։ Նրանց բաժանել են խմբերի, նստեցրել գնացքներ, որոնք ուղևորվել են հեռավոր բանտեր, և այնուհետև սպանել։

Ավելի քան 1 մլն հայեր, մասնավորապես Թուրքիայի անատոլիական տարածաշրջանում, շրջանակի մեջ են վերցվել իրենց տներից։

Տղամարդիկ առանձնացվել են կանանցից ու երեխաներից և մահապատժի ենթարկվել։ Նրանք, ովքեր ողջ են մնացել, ուղարկվել են սիրիական անապատի համակենտրոնացման ճամբարներ։

Այն տարածքներում, որտեղ սպառազինությունը սուղ էր, սպանդն իրականացվում էր ինչով պատահի՝ կացիններով, բահերով և այլն։ Մեծահասակներին մասնատել են, իսկ երեխաներին բախել ապառաժներին։ Սևծովյան տարածաշրջանում հայերին նստեցնում էին նավերն ու այնուհետև ցած գցում ջուրը։ Խազար լճի տարածքում նրանց ցած էին գցում ժայռերից։

Տեղի ունեցածի՝ հատկապես ավելի քան 4 հազարամյակ կառուցված քաղաքակրթության ավերման Իսրայելի պաշտոնական ճանաչումը կարևոր է մի շարք պատճառներով։

Ինչպես Ֆրանցիսկոսն է ասել՝ ժխտումը թույլ է տալիս չարիքին բորբոքվել, ինչպես վերքը, որը մնում է չբուժված։

Հիտլերն ու նացիստական ռեժիմը նայել են Թուրքիայի թարախակալած բարոյական վերքին՝ իրենց սեփական ցեղասպանության ոգեշնչման համար։ Նրանք նաև ի գիտություն են ընդունել այն փաստը, որ իշխանության ղեկին գտնվող օսմանյան թուրքերը չեն պատժվել։

Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու բարոյական պարտավորությունից բացի՝ Իսրայելը հատուկ պարտք ունի։ Հիմնադրված Հոլոքոստի ստվերի ներքո՝ Իսրայելը կենդանի վկայությունն է ցեղասպանությունը կանխելու հարցում միջազգային հանրության ձախողման։ Իսրայելը պարտավորություն ունի քաղաքական ինքնիշխանության կիրառմամբ կանխելու ցեղասպանությունը ոչ միայն հրեաների, այլև ցանկացած այլ խմբի դեմ։

Որպես փոքրամասնական կրոնական խումբ, որն ապրում է գերազանցապես մուսուլման Մերձավոր Արևելքում, հրեա ժողովուրդը տարածաշրջանի քրիստոնյաների բնական դաշնակիցն է։ Հայոց ցեղասպանությունը սոսկալի հիշեցում է վտանգների, որոնց քրիստոնյաները, հրեաներն ու այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնություններ առերեսվում են աշխարհի այդ հատվածում։ Ապագա ցեղասպանության շանսերը առավել քան որևէ տեղ մեծ են Մերձավոր Արևելքում։ Նրանք, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, հակված են ևս մեկ ցեղասպանություն տեսնելու։

Ֆրանցիսկոս պապը հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այժմ Իսրայելի հերթն է։

Back to top button