
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Վատիկանի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց, որի ընթացքում Սրբազան քահանայապետն արտաբերեց «ցեղասպանություն» բառը։ Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարում առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հենց հայ ժողովրդին:
Ինչպես գրում է BBC-ն, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը Պապը ցեղասպանություն է անվանել: «Չարի կոծկումը կամ ժխտումը նման է վերքին, որը չեն վիրակապել: Թուրքիան եղածը չի ճանաչում որպես ցեղասպանություն»,-մասնավորապես նշել է Հռոմի Պապը:
Նշենք, որ աշխարհի բոլոր հայտնի լրատվամիջոցներն անդրադարել են Հռոմի Պապի այսօր մատուցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին եւ այդ ժամանակ Սրբազան քահանայապետի «ցեղասպանություն» բառը հնչեցնելուն:
Associated Press լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ Պապը այսօրվա արարողության ժամանակ նաև մեծարել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ նրան շնորհելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել էր ընդամենը 35 մարդ։
Ըստ «ֆրանս պրես» լրատվական գործակալության՝ այս քայլը կարող է Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ դառնալ:
Աղբյուրը նշում է, որ բազմաթիվ պատմագետներ հայերի մասսայական կոտորածները բնութագրում են որպես ցեղասպանություն, թեև Թուրքիան համառորեն ժխտում է դա և հրաժարվում է ճանաչել ցեղասպանության փաստը:
Այդուհանդերձ, 20 երկրներ՝ ներառյալ Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել են այն:
Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությունը, որով վերջինս, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը, շոկային ազդեցություն է ունեցել Անկարայի վրա. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Անկարայի պատկան մարմինների ու Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել Պապի ելույթի վերաբերյալ։
Հեռախոսակապի ընթացքում նախարարը որոշել է կոշտ լեզվով պատասխան հայտարարությամբ հադես գալ։ Այս պահին Անկարայում հայտարարության գրավոր տեքստն են պատրաստում։




