Ցեղասպանություն 100

Ծիծեռնակաբերդում պար է ներկայացվելու՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի

lenabadeyan

Ազգային երգ ու պար, ահա այսպիսի անվանումով նոր դաս են փորձում ներմուծել հանրակրթական դպրոց: Ծրագիրը, սակայն, արժանացել է մի շարք մասնագետների դժգոհության: Պարզվում է, այս առարկան դպրոցում կարող է դասավանդել, ըստ էության, ով կարող է, ավելի ճիշտ՝ ով անցել է 6 ամսվա վերապատրաստում: Այս դեպքում չի օգտագործվում Պետական Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի շրջանավարտների ներուժը: Այդ շրջանավարտները ոչ թե 6 ամիս, այլ՝ 6 տարի են սովորել մասնագետ դառնալու համար:

 

 

Տարօրինակ թող չհնչի, բայց ապրիլի 26-ին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի, Ծիծեռնակաբերդում պար է ներկայացվելու: Հայաստանի պարարվեստի միության նախաձեռնությանը միացել են թվով 100 պարային համույթներ եւ միջոցառմանը միաժամանակ մասնակցելու է 5 հազար մարդ: Ինչո՞ւ պար եւ ի՞նչ է դա խորհրդանշելու, բացատրում է մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը:

«Պետք է մենք պարեն սգո պար «Ծանր գյովնդ կոտրոցի» երեք րոպեանոց: Հին ժամանակներում գովնդը պարել են սգո արարողությունների ժամանակ նաեւ, որտեղ իր իմաստով մարդկանց հիշատակելու, պարի բնույթը ցույց տալու ձեւ է ունեցել: Այսինքն՝ մենք պետք է մեր պարով նաեւ հիշատակենք այն նահատակներին, որոնք 100 տարի առաջ ենթարկվել են Ցեղասպանության»:

Սա ազգային պարարվեստում առկա պարերից եւ իմաստներից մեկին է, կան բազմաթիվ մանրուքներ, որոնք շատերը չգիտեն եւ այսօր այդպես՝ հանպատրաստից, ազգային պարը մտնում է հանրակրթական դպրոց: Մի քանի ամիս է, ինչ դպրոցներում փորձնական ծրագիր է իրականացվում «ազգային երգ ու պար» անվանումով: Մասնագետներին վրդովեցնողն այն է, որ դպրոցականներին ազգային պար սովորեցնելու են ոչ թե մասնագետները, այլ՝ 6 ամիս շաբաթը երկու անգամ պարի գնացած եւ այդպես վերապատրաստված ուսուցիչները՝ հիմնականում ֆիզկուլտուրայի կամ երգի:

Կարեւն Գեւորգյանը տարակուսում է, թե ինչու այդ նպատակով չեն օգտագործում Պետական Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի շրջանավարտներին, որոնք ոչ թե 6 ամիս, այլ՝ 6 տարի են սովորել մասնագետ դառնալու համար:

Կարեն Գեւորգյանը նույնիսկ հիշում է, որ տարիներ առաջ՝ 90-ական թվականներին այս նույն ծրագրի փորձն արվել է՝ նույն մեթոդով, առկա ուսուցիչներին վերապատրաստելով, բայց ձախողվել է:

«Երբ Աշոտ Բլեյանը ինձ առաջարկեց այս նույն ծրագիրը ներմուծել իր դպրոցում ես գնացի այդ դպրոց՝ ուսուցիչների հետ վերապատրաստման դասեր անցկացնելու եւ մեկ շաբաթ հետո ասացի. «ժողովուրդ, բան դուրս չի գա»: Որովհետեւ պարուսույցը պետք է զբաղվի այս մասնագիտությամբ»:

Ոչ թե ծրագրին, այլ գաղափարն իրագործելու ձեւին դեմ է նաեւ պարարվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը:

«Ով քիչ թե շատ կարող է, նա կարող է դասավանդել նաեւ պար: Շատ անլուրջ վերաբերմունք է առհասարակ նոր առարկան դպրոց մտցնելուն»:

Այս գործիչները պնդում են, որ Կրթության եւ գիտության նախարարությունը երբեւէ որեւէ քննարկմանը իրենց չի հրավիրել, չի ներգրավել աշխատանքային խմբերում, իսկ արտահայտած, ներկայացրած եւ փոխանցված մտահոգություններին նախարարությունն առայժմ չի արձագանքել:

Back to top button