Մշակույթ

Իտալացի ջութակահար Ֆրանչեսկա Դեգոյի մենակատարմամբ համերգ՝ Երեւանում

sonahakobyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Վաղը երեկոյան կկայանա իտալացի ջութակահար Ֆրանչեսկա Դեգոյի մենակատարմամբ Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը և Մենդելսոնի սիմֆոնիա N 4 սիմֆոնիան: Այնուհետեև կհնչի Տիգրանյանի «Անուշ» օպերան, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետները: Կլինեն նաև այլ համերգներ՝ բոլորը նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 

Ապրիլը Հայաստանի օպերային թատրոնի համար կլինի հիշատակի և ոգեկոչման ամիս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում է իտալացի նշանավոր ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն:  Ապրիլի 11-ին օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթում կներկայացվեն Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը և Մենդելսոնի սիմֆոնիա N 4 սիմֆոնիան:

Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ի դեպ ջութակահարուհին առաջին անգամ չէ ներկայանում: Ընդամենը մի քանի օր առաջ է տեղի ունեցել առաջին համատեղ համերգը, այն էլ Իտալիայում:

«Նվագախումբը շատ լավն է և ինձ համար էլ հաճելի է աշխատել նրա հետ: Ի վերջո նաև հետաքրքիր է շրջագայել, ծանոթանալ և աշխատել տարբեր նվագախմբերի հետ, տեսնել տարբերությունը և ինչ որ օգտակար բան քաղել նաև քեզ համար»:

Իտալացի ջութակահարուհու հետ համատեղ աշխատանքից շատ գոհ է նաև օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Հավելենք, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգ է կայանալու նաև ապրիլի 18-ին՝ հայազգի նշանավոր դիրիժոր Գևորգ Փեհլիվանյանի ղեկավարությամբ: Ապրիլի 21-ին օպերային թատրոնում բացառիկ հնարավորություն կստեղծվի ուղիղ կապի միջոցով հետևելու Փարիզում տեղի ունենալիք «Գալա համերգին»՝ դարձյալ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ոգեկոչման միջոցառումները կշարունակվեն ողջ ամսվա ընթացքում:

Back to top button