
Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Բախիյար Աբբասովի պահվածքը հակասում է մարզական էթիկային եւ քաղաքավարության ընդունված նորմերին, հայտարարել է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը՝ անդրադառնալով Մոսկվայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի՝ «Խարլամպիեւի հիշատակի» խաղարկությանը։
Մրցաշարի պարգեւատրության ժամանակ, երբ հնչել էր Հայաստանի հիմնը ի պատիվ 90 կգ քաշային կարգում առաջին մրցանակակիր՝ արցախցի Աշոտ Դանիելյանի, ադրբեջանցի մարզիկը օրհներգի ողջ ընթացքում պպզել էր։
«Ես այդ պահվածքը դատապարտում եմ եւ համարում մարզիկի համար անընդունելի։ Ավելին՝ նա Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ է, ներկայացրել է իր երկիրը աշխարհի պաշտոնական գավաթում։ Սա ոչ մարզական պահվածք է։ Նման մարզիկը չի կարող լինել աշխարհի գավաթի մրցանակակիր։
Կարծում եմ՝ մարզիկը, որը թույլ է տվել մրցաշարի եւ էթիկայի նման խախտում, պետք է հանվի մրցաշարից եւ զրկվի մեդալից։ Միջազգային մրցաշարերում մարզիկի հետագա մասնակցության հարցը պետք է ընդունի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- հայտարարել է Ելիսեեւը։




