

Հայաստանի թատերական գործիչների միությունը վաղը՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի կնվիրվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։ Այս տարի Թատերական գործիչների միությունը մրցանակաբաշխության շրջանակներում նախաձեռնել է մարզային՝ Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի թատրոնների ստուգատեսը: Միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է թատրոնների հատկապես մարզայինների առջև ծառացած խնդիրները ՝ակնկալելով դրանց լուծման ուղիներ։
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատերական գործիչները այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնում են իրենց ոլորտում առկա խնդիրները: Խնդիրներ, որոնք խոչընդոտում են թատերական կյանքի բնականոն զարգացմանը: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը թատրոնի, հատկապես մարզային թատրոնների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ մատնանշեց, սակայն դրանցից առանձնացրեց ստեղծագործական մթնոլորտի բացակայությունը։
Որտեղ կա ստեղծագործություն , այնտեղ է ձևավորվում թատրոն, ասում է: Այդօրինակ թատրոնի դրսևորում է Աբովյանի թատրոնը, որտեղ վերջերս բեմադրված ներկայացումը զարմացրել է իր յուրօրինակությամբ ու կատարած մեծածավալ աշխատանքով։
Մարզային թատրոնները, ըստ Հակոբ Ղազանչյանի, պահպանվում են թատրոնի նվիրյալների միջոցներով: Այսօր ոչ բոլոր մարզերում է, որ տեղական իշխանությունները հետաքրքված են թատրոնով կամ հասարակության գեղագիտական դաստիարակությամբ։ Որոշ տեղերում շարժ կա, ասում է Ղազանչյանը և միաժամանակ նշում, որ խնդիրը դեռ հնարավոր չէ լուծված համարել։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղեր են բացվել մարզերում , որոնք էլ նպաստել են թատերական կյանքի զարգացմանը: Սակայն այստեղ խնդիրը երիտասարդ դերասանի զբաղվածության հարցն է: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի խոսքով՝ ավագ սերնդին գլխատել և նորերին բերելը ճիշտ չէ, սակայն սկսնակ դերասանին բեմ չտրամադրելն էլ է սխալ: Մշակույթի նախարարությանը բեմադրիչն առաջարկում է ընդլայնել հաստիքացուցակը: Մշակույթի նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի մարզային թատրոնների զարգացմանը, ինչը, Վահե Շահվերդյանի գնահատմամբ, կնվազեցնի արտագաղթը:
Մարզային թատրոններից հազվադեպ դերասաններ են հրավիրվում նկարահանվելու հեռուստասերիալներում և կարողանում վաստակել լրացուցիչ գումար, մյուսները մնում են ամսական առավելագույնը 80 հազար դրամ աշխատավարձի հույսին: Հենց սա էլ բերում է թատրոնների ստեղծագործական կազմերի քայքայմանը:
Հակոբ Ղազանչյանը հորդորեց քննադատական սլաքները չուղղել միայն մշակույթի նախարարության ուղղությամբ, խնդիրների գլխավոր մեղավորները տեղական իշխանություններն են։
Ռուբեն Բաբայանն էլ կիսեց գործընկերոջ այն միտքը, որ բոլոր հարցերը պետական մակարդակով լուծել անհնար է: Տեղական մարմիններին էլ պետք է մտահոգեն յուրաքանչյուր ոլորտի առջև ծառացած խնդիրները:
Ռուբեն Բաբայանն առաջարկեց նույն դժգոհ նոտայով ևս մեկ անգամ չավարտել Թատրոնի միջազգային օրվան նվիրված հերթական հանդիպումը և փորձել փոխել թատերական կյանքի կազմակերպական մոտեցումները՝ օրինակ առաջարկեց մարզերում ստեղծել փոքրիշատե պատրաստի թատերական փոքրիկ շենքեր և կարևորել թատրոնների հյուրախաղերը:




