
Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի «սև արկղերը» վերծանել են և պարզվել է, որ օդաչուներից մեկը չի կարողացել մտնել օդաչուների խցիկ, գրում է New York Times-ը` վկայակոչելով իր աղբյուրին: NYT աղբյուրի համաձայն՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռիչքի ժամանակ երկու օդաչուները հանգիստ զրուցել են, հետո օդաչուներից մեկը լքել է խցիկը և այլևս չի կարողացել վերադառնալ: Դրսում գտնվող օդաչուն փորձել է կոտրել դուռը և ներս մտնել: Առայժմ դեռ հայտնի չէ, թե ինչու է օդաչուն հեռացել խցիկից: Պարզ է միայն, որ վթարի ժամանակ խցիկում օդաչուներից մեկն է եղել:
«Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չկա և այդպես էլ ոչ մի արձագանք չի լինում: Եթե դուք լսեք աուդիո ձայնագրությունը, ապա կզգաք, որ մյուս օդաչուն փորձում է կոտրել դուռը, բայց դա նրան չի հաջողվում», -ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Լրատվամիջոցը նկատում է, որ «սև արկղերը» վերծանումը ավելի շատ հարցեր է առաջացրել՝ հստակ չէ, թե ինչու է օդաչուներից մեկը լքել խցիկը թռիչքի ժամանակ, ինչու երկրորդ օդաչուն չի բացել խցիկի դուռը ու չի արձագանքել դուռը թակող օդաչուին:




