Միջազգային

Սեւ արկղերից մեկն ուղարկվել է Փարիզ. օդանավի կործանման վարկածները տեխնիկական են

marlenahovsepyan

Ֆրանսիական Ալպերում այսօր առավորտյան վերսկսվել են փրկարարական աշխատանքները: Հայտնաբերվել է նախօրեին կործանված A 320-ի սև արկղերից մեկը, այն արդեն տեղափոխել են Փարիզ:Խոսքն օդաչուների խոսակցությունը ձայնագրած սև արկղի մասին է, որը լուրջ վնասված է:

Վերջին տեղեկություններով,օդանավում եղել են Ավստրալիայի, Արգենտինայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իսրայելի, Իսպանիայի, Ղազախստանի, Մեքսիկայի և Թուրքիայի քաղաքացիներ: France24-ի հաղորդմամբ,փրկարարների աշխատանքը բարդացնում են ռելյեֆային պայմանները, տեղանքը ձնառատ է, օդերևութաբանները կանխատեսում են եղանակային պայմանների վատթարացում: «Փրկարարներին կպահանջվի առ նվազն մեկ շաբաթ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Զոհվածների ինքնությունը պարզելու ու մարմինները հայրենիք հասցնելու համար կպահանջվի ևս մի քանի օր: Ինքնաթիռի ամենամեծ բեկորները ճամպրուկի չափ են», ֆրանսիական հեռուստատեսությանն ասել է փրկարարներից մեկը:

Գերմանական Der Spiegel պարբերականն այսօր գրում է, որ Մարսելի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ աղետի հանգամանքները պարզելու նպատակով: Ներկա պահին քննիչները հարցաքննում են 8 վկայի, նրանք ինքնությունը չի բացահայտվում: Դատախազ Բրիս Ռոբենն ընդգծել է, որ դեռևս վաղ է ողբերգության պատճառների մասին խոսելու համար:«Մեզ հայտնի է միայն, որ ինքնաթիռը կտրուկ իջել է 12 հազար մետր բարձրությունից մինչև 2 հազար: Առ այժմ այդ փաստը բացատրել չենք կարող, վերջի րոպեներին օդաչուների հետ ռադիոկապ չի եղել», ասել է դատախազ Ռոբենը: Ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ Սեն շրջանում՝ աղետի վայրից ոչ հեռու գտնվող մատուռում այսօր հոգեհանգստյան կարգ կմատուցվի:

Սյնտեղ են ժամանում զոհվածների հարազատներն  Իսպանիայի և Գերմանիայից: Գերմանական Հալթերն քաղաքում այսօր սուգ է հայտարարված: Այնտեղ այսօր պատարագ կմատուցվի տեղի դպրոցի 16 դպրոցականների և երկու ուսուցիչների համար, որոնք նույնպես կործանված օդանավում էին: Նրանք վերադառնում էին Իսպանիայից, որտեղ փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ շաբաթ էին անցկացրել:  Զոհվածների թվում է նաև Գերմանիայիում հայտնի օպերային երգիչ, Ղազախստանում ծնված Պլեգ Բրիժակը:

Սպասվում է, որ Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն այսօր կժամանեն A320-ի կործանման վայր՝ հարգելու զոհերի հիշատակը:

Փորձագետները նշել են նախօրեին Ֆրանսիայի հյուսիսում A320 ինքնաթիռի կործանման երեք հիմանական վարկած. բոլորը տեխնիկական բնույթի են: Նշվում է ուղևորների սրահի կամ օդաչուների խցիկի հերմետիկության հանկարծակի կորուստը, հրդեհը և տեխնիկայի անսարքությունը: Մասնավորապես, բրիտանական The Telegraph-ի կողմից հարցված փորձագետները հիմնական վարծակ նշել են սարքավորումների հետ խնդիրները, նույնն են ասել նաև Time-ի կողմից հարցվածները: Պարբերականին հայտնի  ավիացիոն փորձագետ Բրյուս Ռոջերն ասել է, որ սրընթաց անկումը խոսում է այն մասին, որ տեխնիկական խնդիրների պատճառով օդաչուները չեն կարողացել վերահսկել օդանավի աշխատանքը: Մասնագետները հերքել են շարժիչների խափանման վարկածը, որի դեպքում ինքնաթիռն ավելի արագ կընկներ: Ֆրանդիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը նշել էր, որ քննարկվում են բազմաթիվ վարկածներ, սակայն ահաբեկչությունը ամենաքիչ հավանական վարկածն է: Իր հերթին Lufthansa ավիաընկերության փոխնախագահ Հայկե Բիրլեբախը հայտարարել է, որ A 320-ի կործանման աշխատանքային վարկածը դժբախտ պատահարն է, մնացկալը շահարկումներ են, ասել է  պաշտոնյան:

Back to top button