Տնտեսական

Վարչապետն ընդունեց կանադացի գործարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:

Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձևավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ և  պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր ներդրումը երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում:

Back to top button