Մշակույթ

Միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ

2014 թ. հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման նպատակով  հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգվել են 11 հուշարձաններ (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում իրականացվել են նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ  Դվինի պեղումները  (10 մլն դրամ) և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով, այսօր նշվել է կառավարությունում մշակույթի նախարարության 2014 թ հաշվետվության ներկայացման ժամանակ։

Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, սկսվել են ամրակայման աշխատանքները: Մեկնարկել են նաև Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները:

Մեկնարկել է Երևանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ­խարհային ժառանգության նախնական ցանկում):

Հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների  արդյունքում՝ Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայտնաբերվել է 325-300 հազար տարվա բնակատեղի: ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ և բոլոր հնավայրերում պեղումների աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ միջազգային մասնագետներ:

Back to top button