

Արմավիրի մարզի պտղատու և խաղողի այգիներում գրեթե մեկ ամիս է, ինչ սկսել են էտի աշխատանքները: Էտը նպաստում է ծառերի երիտասարդացմանն ու բարձր բերքատվությանը, եթե եղանակային պայմանները բարենպաստ են: Էտից հետո անհրաժեշտություն կառաջանա ոռոգել այգիները: Արմավիրի մարզում ոլորտի պատասխանատուների հավաստիացմամբ ոռոգման համակարգը պատրաստ կլինի մարտի 15-ից:
Չոր ու տաք ձմեռվանից հետո գյուղացիներն ավելի վաղ են մտնում այգի ու սկսում նախապատրաստական աշխատանքները: Պտղատու այգիների էտն Արմավիրի մարզում վաղուց է սկսվել: Գյուղացիները նոր տարվա հետ նոր հույսեր են կապում՝ ապավինելով բնության բարյացկամությանը: Նախորդ տարվա գարնանային ցրտահարության արդյունքում մարզում ծիրանի բերք չկար: Այս տարի ակնկալում են բարձր բերքատվություն: Ջանֆիդայում ծառերի էտը ժամանակին են սկսել և դեռ ընթացքի մեջ է: Օլգա Մարտիրոսյանի հողամասում միայն ծիրանի ու կեռասի ծառեր են, 3000քմ բերքատու այգուց անցած տարի բերք չեն հավաքել, իսկ 2013-ին մոտ 10 տոննա ծիրան են ունեցել: Որոշ այգիներում արդեն սկսվել է ծառերի հյութաշարժությունը, նկատվում են նաև ծիրանենու բողբոջները:
Խաղողի այգիներում այգեբացի աշխատանքներ են, որին հաջորդում է վազերի էտը, լարերի ձգումը: Սեղանի սորտի այգիները մարզում պարտադիր թաղվում են՝ ցրտահարությունից խուսափելու նպատակով: Մասնագետների կարծիքով դեռևս վաղ է խաղողն էտել, սակայն գյուղացին այն սկսում է եղանակային տաք պայմաններից ելնելով: Ալաշկերտի խաղողի այգիներում նույնպես էտի աշխատանքներ են ընթանում: Զոհրաբ Վարդանյանի այգում միայն սեղանի սորտի խաղող է՝ քիշմիշ և Շահումյան սորտի: Երկու տարվա կարկտահարությունից հետո, միայն անցած տարի է լավ բերք ունեցել:
Այգիների էտից հետո, արդեն անհրաժեշտ կլինի ոռոգումը, որը ոլորտի պատասխանատուները խոստացել են իրականացնել մարտի 15-ից, այդ մասին հավաստիացրեց նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում:




