Տնտեսական

Մաքսային փոփոխություններ՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված

«ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված` ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքների համար նախկինում «Արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով ձևակերպում ստանալու փոխարեն, այժմ լրացվում է պարզեցված «Տարանցիկ հայտարարագիր»: Իսկ օդային ճանապարհով արտահանվող ենթաակցիզային ապրանքները մաքսային ձևակերպում չեն ստանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում հենց ԵՏՄ անդամ երկրներում, կարելի է ասել, որ Միության անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար»,- հայտարարել է ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը։

Փոփոխություններով դյուրացվել է նաև ԵՏՄ երկրներ արտահանվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացը: Ըստ Սուրեն Ղազարյանի՝ ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքներին, ապա այս դեպքում նույնպես ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում:

«Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի  հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է մաքսային մարմիններին»,- նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը:

ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների համար ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն պահանջվում, հայտնում են ֆիննախից։ Ընդհանուր առմամբ փոփոխություններ չեն կատարվել երրորդ երկրներից Հայաստան ենթաակցիզային ապրանքների ներուծման ընթացակարգերում, սակայն, պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, որոշ ապրանքների մասով ավելացել են մաքսատուրքի դրույքաչափերը, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, իսկ դիզվառելիքի, էլեկտրամեկուսիչ հատկություններով յուղերի մաքսատուրքը զրոյից դարձել է 5 տոկոս:

Back to top button