Մշակույթ

Jerusalem Post-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի մասին

Մարտի 5-ին Երուսաղեմ համերգասրահներից մեկում հատուկ համերգ տեղի կունենա: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, համաշխարհային համբավ ունեցող էստոնացի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա, հաղորդում է Jerusalem Post -ը: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի աջակցությամբ, կներկայացնի հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ Բեթհովենի «Eroica» սիմֆոնիան:

Հայ վաստակաշատ կոմպոզիտոր եւ համերգի նախաձեռնող Ստեփան Ռոստոմյանն ասել է, որ երուսաղեմյան համերգով կմեկնարկի միջազգային համերգաշարը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազում հիանալի համերգներ տեղի կունենան ողջ աշխարհում: Ավելի քան երկու տասնյակ հանրահայտ երաժիշտներ աշխարհի հեղինակավոր բեմերում համերգներով հանդես կգան. համերգների շարքը, նաեւ Իսրայելի  համերգը կկրի ՝ «Քեզ հետ Հայաստան» խորագիրը»,- ասել է Ռոստոմյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Ռոստոմյանն ասում է, որ հայ ժողովրդի այս ողբերգական էջը վերք է, որը յուրաքանչյուր հայ կրում իր սրտում:

«Մենք ոչ միայն մարդկային կյանքեր կորցրեցինք, այլեւ հայրենի քաղաքներ, որոնք այժմ Թուրքիայում են, կորցրեցինք նաեւ մեր մշակութային հուշարձանները, որոնք ավերվեցին», — ասում է նա հավելելով՝ «ես թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, ես երաժիշտ ընկերներ ունեմ Թուրքիայում: Բայց աշխարհը եւ մասնավորապես Թուրքիայի ներկայիս իշխանությունները պետք է ընդունեն այն փաստը, որ սարսափելի բան է տեղի  ունեցել: Հակառակ դեպքում, դա կարող է կրկնվել, եւ դրա վտանգը  զգում է յուրաքանչյուր հայ»:

Back to top button