Միջազգային

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումն՝ այսօր

marlenahovsepyan
Ֆրանսիայում այսօր հանդիպում են «նորմանդական քառյակի» արտգործնախարարները: Փարիզի խորհրդակցությունը առաջինն է Մինսկում փետրվարի 12-ին նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունից հետո: Դիվանագիտական աղբյուների հաղորդմամբ, բանակցությունները մեկնարկում են տեղական ժամանակով կեսօրին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Նախօրեին Ռուսաստանի նախագահը ВГТРК-ի լրագրողի հետ հարցազրույցում հայտարարել է.«Մոսկվան հույս ունի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտություն երբեք չի լինի»:

Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ առայժմ չկա դիվանագիտական արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու և «Մինսկ-3» կազմակերպելու անհրաժեշտություն:«Կարևոր է կատարել ավելի վաղ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը եվրոպացի գործընկերների հետ ունի փոխըմբռնում և վստահություն ուկրաինական ճգնաժամի հարցում: Ոչ մեկին պետք չէ հակամարտություն Եվրոպայի շուրջ», հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին ասել է, որ Մինսկի համաձայնություններին հավատարմությունը Ուկրաինայում խաղաղության հաստատման միակ ճանապարհն է: «Դիվանագիտական ջանքերը պետք է արդյունք ունենան», Բի-բի-սի ռադիոկայանին ասել է Մոգերինին:

Back to top button