Միջազգային

ՌԴ ԱԳՆ.«Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունները տագնապալի են»

marlenahovsepyan
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական զինուժի շփման գծում տեղի ունեցող դեպքերը տագնապ են հարուցում: «Կոչ եմ անում ուշադրություն դարձնել շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք, անշուշտ, տագնապ են հարուցում և չեն մոտեցնում հակամարտության կարգավորման գործընթացի այն կետին, որին ձգտում են ԵԱՀԿ անդամ պետությունները», ասել է Լուկաշևիչը ճեպազրույցի ժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև մատնացույց է արել Մոսկվայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցության հարցում՝ ընդգծելով, որ «դա արվում է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, այլև երկկողմ շփումներում»:

Լուկաշևիչի խոսքով, Ռուսաստանի նախագահի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ երկխոսությանը լուրջ գործոն է ղարաբաղյան կարգավորումն առաջ մղելու գործում: Ռուսաստանի արտգործնխարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև մեկնաբանել է Հարավային Կովկասի երկներ Միացյալ նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի այցը:

«Այդ այցը թող գնահատեն նրանք, ովքեր ուղարկել են նրան գործուղման: Ես կառաջարկեի հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերին և շփումներին», ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ադրբեջանցի լրագրողի հարցին ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակման վերաբերյալ պաշտոնյան նշել է, որ իչպես ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է ասել, հարցը կքքնարկվի հայ գործընկերների հետ:

Հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի տարբերակված մոտեցումը հետխորհրդային տարածքի հակամարտություններին, Լուկաշևիչը պատասխանել է.«Մեր հարաբերությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հասկանալի են բոլորին: Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը սերտ մասնակցություն է ցուցաբերում Մերձդնեստրի և Քիշնևի բանակցություններին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը ակտիվ մասնակցություն ունի նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Խոսքը ոչ միայն Մինսկի խմբի մասին է, նաև երկկողմ շփումների: Մեր նախագահի մասնակցությամբ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: Ինչ վերաբերում է Լուգանսկին և Դոնեցկին, ապա այստեղ խոսքը ոչ թե ճանաչման, այլ տարածաշրջանում առկա իրողությունների և փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրերի մասին է: Դրանց համաձայն, ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով երկու կողմերի՝ Կիևի և Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների միջև», ընդգծել է Լուկաշևիչը:

Back to top button