

Միացյալ նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
«Թրենդ» գործակալության հաղորդմամբ, դիվանագետը նշել է, որ դա պետք է արվի որպես հումանիտար քայլ:«Այդ տեսակետը ես կբարձրաձայնեմ վաղը Երևանում», ասել է պետքարտուղարի օգնականը:Նուլանդը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է վերջին վեց ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
«Մեր ուղերձն է Հայաստանին և Ադրբեջանին. Դադարեցնել իրավիճակի սրումը և նստել բանակցային սեղանի շուրջ: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք սատարեք գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում», ասել է Նուլանդը:
Պաշտոնյան նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հիշեցնենք, որ Վիկտորիա Նուլանդը Բաքվում է տարածաշրջանային այցով: Վաղը նրան հյուրընկալում են Երևանում:




