

Փետրվարի 12-ին է ծնվել անվանի դուդուկահար, հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Այսօր նա նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը: Հանրային ռադիոյի ողջ կոլեկտիվի անունից շնորհավորում ենք նրան և մաղթում նորանոր հաջողություններ իր ստեղծագործական կյանքում: Գևորգ Դաբաղյանն այսօր «Ռադիոլուր»-ի հյուրն է:
Գևորգ Դաբաղյանը ծնվել է փետրվարյան այս օրը ուղիղ 50 տարի առաջ: Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարան, ասպիրանտուրա: Ուսումնառության երկար ու բեղմնավոր ճանապարհը: Դուդուկի ասպարեզում նա դարձավ մեր հրաշալի վարպետների արժանի շարունակողը:
Նրա դուդուկը հնչել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է գլխավոր մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1991 թվականին Գևորգ Դաբաղյանը ստեղծեց «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Իր փորձն ու գիտելիքները այսօր փոխանցում է երիտասարդ սերնդին՝ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
Ծննդյան 50-րդ հոբելյանն արվեստագետը կնշանավորի նոր ձայնագրություններով: Հարուստ է հատկապես շրջագայությունների ցանկը: Համերգների մի մասը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Չկանգնել և ոչ մի րոպե: Միայն առաջ շարժվել՝ Գևորգ Դաբաղյանի սկզբունքն է: Կյանքի 50-րդ տարվա նախաշեմին ցանկությունը մեկն է՝ ճիշտ և արդյունավետ օգտագործել այն, ինչ Աստված շնորհել է: Հանրային ռադիոյի ողջ անձնակազմի շնորհավորանքները հայկական դուդուկի մեր սիրելի վարպետին: 50-ամյա հոբելյանը թող դառնա նոր մեկնարկ ստեղծագործական նոր թռիչքների համար:




