
Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական հենակետի գետնատնակի մոտ այս գիշեր՝ 0 ժամ 30-ի սահմաններում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Գերատեսչության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սարգիս Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:




