Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ապրիլի 24- ի լուսաբացը» ներկայացումը
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնում մոտ օրերս կսկվեն վերանորգման աշխատանքները: Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Վրաստանի ներկայիս իշխանությունները ինչպես և խոստացել էին, արդեն թատրոնի վերանորոգման համար պետբյուջեից գումար են հատկացրել:
«Չորս տարի անիվների վրա»,- այսպես է բնութագրում Արմեն Բայանդուրյանը Թբիլիսիի հայկական թատրոնի գործունեությունն այսօր. վթարային վիճակում գտնվող շենքը հանդիսատես չի ընդունում, սակայն դա չի ազդում թատրոնում տիրող ստողծագործական մթնոլորտի վրա. ներկայացումներ, հյուրախաղեր, բեմադրություններ:
Այժմ էլ թատրոնում նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ապրիլի 24- ի լուսաբացը. այսպես է կոչվում ներկայացումը, որը բեմադրվելու է լեհ հայտնի դրամատուրգ Վիլկվիստի «Հելվերի գիշերը» (Noć Helvera) պիեսի հիման վրա : Մի գերմանացի ու հրեա ընտանիքի պատմություն է, որը մենք հեղինակի համաձայնությամբ փոփոխել ենք և ներկայացնելու ենք որպես հայ և թուրք ընտանիքների պատմություն»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ խաղացանկում կա ավելի քան քառասուն ներկայացում, տարվա ընթացքում լինում են մի քանի պրեմիերաներ, երիտասարդ դերասանները հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ աշխատել հայ և վրացի հայտնի ռեժիսորների հետ: «Միակ խնդիրը այն է, որ մենք մեր տանը չենք խաղում»,- ասում է Ա. Բայանդուրյանը, համոզմունք հայտնելով, որ շենքի վերանորոգումից հետո ստեղծագործական ոգին ավելի բարձր կլինի:
Ա. Բայանդուրյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս վրացական կողմը կսկսի շենքի ամրացման աշխատանքները և իրենք կդիմեն նաև Հայաստանի կառավարությանը. «Մենք գիտենք, թե ինչ է անելու վրացական կողմը, իսկ լույսերի, ձայների և փոքր գրիմանոցների վերանորոգման հետ կապված հարցերը հավանաբար Հայաստանի կառավարությունը կլուծի, որովհետև նախագահը խոստացել է»:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը արդեն 160 տարվա պատմություն ունի: Այն Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է: Ժամանակին այս թատրոնում են խաղացել Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և շատ ուրիշ ականավոր դերասաններ: Արմեն Բայանդուրյանի վստահ է` «այս թատրոնը երբեք վերջակետ չի ունենա»: