Մերկելը Օբամայի հետ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը
Սակայն, դատելով առանձին-առանձին արվող հայտարարություններից, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահի շուրթերից, նախատեսվում է ապառազմականացված գոտու ստեղծում: Այն կունենա 70 կիլոմետր լայնություն, կանցնի ոււկրաինական զինուժի և ռուսամետ անջատականների միջև այսօրվա բաժանարար գծի երկայնքով:
Նախատեսվում է նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին լայն ինքնավարության տրամադրում: Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման մանրամասները անցած ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Մերկելն ու Օլանդը Մոսկվա էին ժամանել Կիևից:
Պուտինի հետ վերջնագրի լեզվով որեւէ մեկը չի կարող խոսել. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է արևմտյան մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե անցած ուրբաթ՝ Մոսկվայում հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահին վերջնագիր է ներկայացրել:
«Պուտինի հետ ոչ ոք, երբեք նման տոնով խոսել չի կարող», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Մերկելը Պուտինին առաջարկել է ընդունել Ուկրաինայի հարցով Արևմուտքի առաջարկած պլանը՝ հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով: Պուտինին, ըստ հրապարակման առաջարկել են մտածել մինչև փետրվարի 11-ը:
Այդ օրը Մինսկում ծրագրված է առաջնորդների հանդիպումը «նորմանդական ձևաչափով»: Ուկրաիանական թեմայով բանակցություններն այսօր շարունակվում են Վաշինգտոնում: Պուտինի հետ բանակցությունների մանրամասները Բարաք Օբամային հայտնելու է անձամբ Անգելա Մերկելը: Նրան Սպիտակ տանն ընդունում են այսօր:
Զինել Ուկրաինային, թե՞ ոչ
Մինչ այդ Միացյալ նահանգներում չեն դադարում քննարկումները՝ զինել Ուկրաինային, թե՞ ոչ: Հանրապետական կուսակցության ղեկավարար մարմնի որոշ ներկայացուցիչներ համոզված են՝ Կիևին անհրաժեշտ է ցուցաբերել ռազմական աջակցություն: Սենատոր Մաքքեյնը Մյունխենի անվտանգության գագաթաժողովի ժամանակ հայտարարել է.«ուկրաինացիներին սպանում են, իսկ մենք նրանց վերմակներ և սնունդ ենք ուղարկում:Վերմակները չեն կարող կանգնեցնել ռուսական տանկերին», ասել է հանրապետական գործիչը:
Սակայն իր ելույթում պետքարտուղար Ջոն Քերրին հերքել է Ուկրաինա զենքի մատակարարման մասին լուրերն ու հավաստիացրել, որ ուկրաինական ճգնաժամի հարցում ամերիկյան և եվրոպական դիրքորոշումները չեն տարբերվում: Նախօրեին Մյունխենի համաժողովի շրջանակներում իր ելույթում Մերկելը հայտարարել է, որ դեմ է Ուկրաինային զինմանը: Այսօր պաշտոնական Մադրիդը նույնպես հանդես է եկել Կիևին զենք մատակարարելու դեմ: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Գարսիա Մարգալյոն հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության ռազմական կագրավորումը սպառնում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:
Հզոր պայթյուն՝ Դոնեցկի քիմիական գործարանում
Մինչ աշխարհի առաջնորդները փորձում են գտնել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիները, Դոնբասում ռազմական գործողությունները շարունակվում են: Հզոր պայթյուն է տեղի ունեցել Դոնեցկի քիմիական գործարանում: Կան բազմաթիվ վիրավորներ: Քաղաքային իշխանությունների տվյալներով, հրետակոծության թիրախում, ամենայն հավանականությամբ եղել է օդանավակայանի տարածքը: Թեև չի բացառվում, որ հարձակման նպատակը եղել է եզակի քիմիական գործարանի ենթակառուցվածքի ոչնչացումը: Միաժամանակ Կիևի, Դոնեցկում և Լուգանսկի իշխանությունները զորակոչ են սկսել: