Միջազգային

Մոսկվայում քննարկվելու է Պուտինի գաղտնի ուղերձը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին

marlenahovsepyan

Կիևից Մոսկվա՝ աղետ թույլ չտալու վերջին հույսով: Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր հյուրընկալում են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին: Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ մտադի են համաձայնեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման պլանը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ բանակցությունները Մոսկվայի ժամանակով ժամը 17-ին ծրագրված, բարձր մակարդակով հանդիպմանը կնախորդեն առաջնորդների ներկայացուցիչների խորհրդակցությունը: Պաշտոնյաները Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանում Կիևց, որտեղ նախօրեին հանդիպել են Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Փորձագետները փաստում եմ, որ Մերկելի և Օլանդի՝ Պուտինի հետ հանդիպելու նախաձեռնությունը պատերազմի դադարեցմանը միտված Արևմուտքի ամենալուրջ քայլն է, սակայն նրանք չեն շտապում կանխատեսել՝ կարձանագրվի բեկում, թե՞ ոչ: Վերլուծաբանները կարծում են, որ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը Պուտինին առաջարկելու են ուկրաինական հակամարտության սառեցում՝ աննշան զիջումներով, որոնց ռուսամետ անջատականները դժվար թե համաձայնեն:

«Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով այսօրվա հանդիպմանը, գրում է, որ Մերկելի և Օլանդի որոշումը՝ մեկնել Կիև, հետո՝ Մոսկվա, թեև միջազգային հանրության համար անսպասելի էր, սակայն այցերին նախորդել են բազմակողմ քննարկումներ, այդ թվում՝ Միացյալ նահանգների մասնակցությամբ: The Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն, Մոսկվայում քննարկվելու է Պուտինի գաղտնի ուղերձը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին, որում նա հանդես է եկել Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին ինքնավարություն տրամադրելու առաջարկով: Ըստ թերթի, Մերկելն ու Օլանդը ռուսական կողմի նախաձեռնությունը մերժել են և առաջարկել իրադարձությունների զարգացման այլ սցենար:

Back to top button