

Սովորությո՞ւն, թե՞ պարզապես անգրագետ հայերենից խուսափելու ձև: Ինչո՞ւ է անգամ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության և հնարավորությունների պարագայում համացանցում գերիշխում լատինատառ գրությունը: Հայաստանում փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր հռչակելու, հայատառ գրելու կարևորության և դրական տենդենցիների մասին են խոսել ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, միաժամանակ ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ու տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայատառ գրելու միտումը տարեց տարի առավել ակնհայտ է դառնում: Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու միտքն ու նախաձեռնությունը ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, միաժամանակ ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանինն է: Նախախաձեռնությունը շատ արագ և մեծ տարածում ստացավ: Արդեն 3-րդ տարին է՝ հատկապես այս օրը դառնում է, այսպես ասած, հայատառ գրելու քարոզի օր: Ասել, թե այս նախաձեռնությամբ հայատառ գրելու խնդիրն ամբեղջությամբ լուծվեց, բնականաբար մեծ չափազանցություն կլինի, սակայն դրական միտում Զոհրապ Եգանյանն այնուամենայնինվ նկատում է:
«Հաշվի անելով մեր գիրը՝ հատկապես ժամանակակից այս աշխարհում, պարզապես անթույլատրելի է , որ գերիշխի լատինատառ գրությունը: Իհարկե կան բառեր, որոնց թերև հումորով ենք վերաբերվում, բայց իրականում շատ զավեշտալի իմաստ են ստանում լատինատառ գրելու դեպքում: Օրինակ՝ «սեխ» բառն ինչպես կգրեք լատինատառ և ինչպես կկարդաք այն բարձրաձայն (sex): Կամ որինակ «տուրք» բառը (turq): Չխորանալով այս զավեշտալի օրինակների մեջ, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար նորմալ է, որ սեփական գիրը պահպանելու ձգտում կա հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում»:
Իհարկե դրական տեղաշարժ կա, սակայն տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը , հաշվի ռավելով ժամանակակից տեխնիկայի շնորհիվ հայատառ գրելու հնարավորությունները, այնուամենայնիվ կարծում է, որ լատինատառ գրելու մշակույթը շատ ավելի խորն է արմատավորված:
«Եթե օրինակ google-ով փորձենք որևէ բառ նայել ինչպես մեսրոպատառով, այնպես էլ լատինատառով, կտեսնենք, որ որոնվող բառի սանդղակում 10 անգամ ավելի գերիշխում է լատինատառը: Շատերը նույնիսկ խոստովանում են, որ լատինատառ են գրում՝ անգրագետ հայերենից խուսափելու նպատակով»:
Սոցիալական ցանցերում լատինատառ գրությունը սովորություն է, թե պարզապես անգրագետ հայարենից խուսափելու ձև, ի վերջո յուրաքանյուրի անձնական խնդիրն է, սակայն, երբ լատինատառ գրությամբ առանձնանում են հատկապես պետական կառույցները և նրանցից ուղարկված sms հաղորդագրությունները, արդեն ոչ միայն գրագիտության, այլև շատ ավելի լուրջ խնդիր է, համաձայնեցին Սամվել Մարտիրոսյանն ու Զոհրապ Եգանյանը:




