
Ամերիկյան հանրահայտ System of a Down ռոք խումբը հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայություն կազմակերպելու մասին:
«Արթնացե’ք հոգիներ» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին` Լոս Անջելեսում, այնուհետև կշարունակվի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում, Ռուսաստանում ու ապրիլի 23-ին անվճար համերգով կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում:
asbarez.com-ը հանդիպել է խմբի մենակատար Սերժ Թանկյանին ու զրույցել նրա հետ:
Երաժիշտն ասել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում լայնազանգված անվճար համերգ կազմակերպելը շատ տեղին է: Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ համերգը հեռարձակվի համացանցով, որպեսզի աշխարհի ցանկացած կետում մարդիկ կարողանան լսել այն:
««Արթնացեք հոգիները» ոչ միայն միտված է անտեղյակ մարդկանց իրազեկել Ցեղասպանության մասին, այլև նպատակ ունի համեստ դերակատարում ունենալ արդարության վերականգնման հարցում»,-ասել է Թանկյանը:
Նա հավելել է, որ իրեն անչափ ոգևորում է այն փաստը, որ թուրքական հասարակության որոշ շրջանակներ ներկայում հսկայական աշխատանք են տանում Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելու համար:
Երաժիշտը նաև պատմել է, որ թեև ինքը կամ System of a Down խումբը հասկանալի պատճառներով երբևէ ելույթ չեն ունեցել Թուրքիայում, այնուհանդերձ` նրանք այդ երկրում ունեն երկրպագուների մեծ բանակ, ովքեր մշտապես ակտիվ պաշտպանում են թուրքական մամուլի կողմից քարկոծվող ամերիկահայ երաժիշտներին:




