

Շրջանառության հարկի դեմ շուրջ մեկ շաբաթ կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ կազմակերպող տնտեսվարողների խնդրին անդրադարձ է կատարվել նաև կառավարության նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հարցրել է արդյո՞ք, նրանց դժգոհություններն արդարացված են: Փոխնախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նախ Շրջանառության հարկի մասին օրենքն արդեն փոխզիջումային տարբերակ էր, քանի որ պետությունն ըստ էության տնետսվարողների հարկային բեռը շեշտակի նվազեցրել է, հետո նաև գործողության ժամկետը հետաձգել մինչև այս տարվա փետրվարի մեկը: Դժգոհություններից մեկը վերաբերում էր այն հարցին, որ կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք ապրանքային ձեռքբերումներ են կատարում ՀՀ-ի տարածքից դուրս, և կատարված ապրանքային ձեռքբերումներն իրենք չեն տեղափոխում, քանի որ դրա իրականացումը մատչելի չէ: Եվ քանի որ տեղափոխումը կատարում էին մասնագիտացված կազմակերպությունները, ուստիև տնտեսվարողները չէին կարողանում փաստաթղթեր ձեռք բերել: Խնդիրը լուծված է, ասել է ֆինանսների փոխնախարարը:
«Բոլոր այն դեպքերում, երբ մեծ տնտեսվարող սուբյեկտները Չինաստանից, Թուրքիայից եւ ԱՄԷ-ից ձեռք են բերում համապատասխան փաստաթղթեր, անկախ այն հանգամանքից փաստաթղթերը մասնակցում են մաքսազերծման գործընթացին, թե ոչ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար այդ փաստաթղթերը համարվում են բավարար եւ տնտեսվարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ շարունակել աշխատել շրջանառության հարկի դաշտում»:
Վախթանգ Միրումյանի պարզաբանումը
Միրումյանը նաև անդրադարձել է տնտեսվարողների՝ պատշաճ իրազեկված չլինեու հայտարարություններին ու նշել է, որ հանդիպել են վերջիններիս հետ ու մանրամասներ ներկայացրել: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր հավանաբար կհանդիպեն ակցիայի մասնակիցներից մի քնաիսի հետ ու հանձնարարել է կատարված փոփխությունները ավելի հաճախ ու մանրամասն ներկայացնել հանրությանը:




