Ռուսաստանը հնարավոր է անջատվի SWIFT-ից. Արեւմուտքի հերթական ցավոտ հարվածը
Դոնբասում վերջին իրադարձությունների և Մարիուպոլի հրետակոծությունից հետո Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում կրկին կտրուկ սրացում է նկատվում: Եթե անցյալ շաբաթ Վոլնովախայում և Դոնեցկում խաղաղ բնակչության զոհերով ուղեկցված հրետակոծությունների մեղավորներին ԵԱՀԿ-ն այդպես էլ չնշեց, ապա Մարիուպոլում 30 մարդու մահվան պատճառ դարձած գնդակոծման մեջ Արևմուտքը առանց կասկածի ռուսամետ անջատականներին է մեղադրում: Կրկին օրակարգային է դարձել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ հարցը: Միացյալ նահանգների նախագահը՝ Նյու-Դելիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ երեկ ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ և դիտարկում է բոլոր առկա հնարավորությունները, բացի զինված առճակատումից:
«Կոմերսանտ» թերթի Պետդեպարտամենտի աղբյուրները չեն բացառել, որ Ռուսաստանին հնարավոր է անջատեն SWIFT համակարգից, ինչը կլինի ամենացավոտ հարվածը ռուսական բանկային համակարգին: SWIFT-ը ներառում է ավելի քան 10 հազար ֆինանսական կազմակերպություններ 210 երկներում:Մեկ օրում համակարգի միջոցով իրականացվում է 6 տրիլիոն դոլարից ավելի շրջանառություն: Ռուսաստանն ունի համակարգի 600 մասնակից: Փորձագետների համոզմամբ SWIFT- ից Ռուսաստանի անջատումը կարող է ընկալվել որպես պատերազմի հայտարարում:
Նոր պատժամիջոցներին հնարավորության մասին այսօր գրում նաև Wall Street Journal-ը: Պարբերականը, եվրոպացի բարձրաստիճան չինովնիկներին հղումով տեղեկացնում է, որ Միացյալ նահանգներն ու Եվրամիությունը կարող են արգելափակել տեխնոլոգիական մատակարարումները ռուսական գազային ընկերություններին և սահմանափակել դրանց մուտքը արևմտյան ֆինանսական շուկաներ: Ըստ աղբյուրի, սակայն, դեռևս պարզ չէ՝ պատրաստ են արդյոք Եվրամիությունն ու Միացյալ նահանհները համաձայնեցված քաղաքականություն, թե, այնուամենայիվ, առկա են տարաձայնություններ: