ԿարևորՏնտեսական

Սոցիալական. 2013- ի բյուջեի բնութագիրը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սոցիալական բյուջե. սա 2003- ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի բնութագիրն է՝ ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի։ Սոցիալական, քանի որ ծախսերի մեծ մասը ուղղված է սոցիալական ոլորտին։

Միեւնույն ժամանակ փոխնախարարը նշում է, որ հակառակ սոցիալական ուղղվածությանը, ոլորտում կուտակված բազում խնդիրներն իրենց վերջնական լուծումը  չեն գտնի: Այդ տեսանկյունից  Բյուջե-13- ն իդեալական չէ: Պավել Սաֆարյանը նշեց, որ ելնելով դրանից, ինքը դեմ է բյուջեների որակավորման տարածված պրակտիկային:

Հաջորդ տարի առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,276.4 մլն դրամ: Ծախսերի աճը 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 5,105.2 մլն դրամ կամ 7.8 տոկոս, ինչը ապահովվել է վարկային միջոցների հաշվին: Ինչպես նշեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, նախատեսվող ամբողջ գումարը կուղղվի 50 ոլորտային ծրագրերի իրագործմանը:
Հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել համայնքային ամբուլատորիաների ցանցը, զարգացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը։ Հետագայում պլանավորվում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, բայց ոչ եկող տարի։
Առողջապահության ոլորտում  2013  թվականին նախատեսվում  են նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրն ու  Առողջապահության ոլորտում հեմատոլոգիայի և օնկոլոգիայի ծրագիրը:

Իսկ ահա սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 303 206.1  մլն դրամ կամ  2012  թվականի պետական
բյուջեով հաստատվածից 4 112.0 մլն դրամով պակաս: Այս նվազումը, ըստ Պավել Սաֆարյանի, պայմանավորված է ոլորտում կապիտալ ծախսերի բացակայությամբ: Կատարված ճշգրտումների շնորհիվ՝ պակասել է հաշվառված թոշակառուների թիվը: Արդյունքում՝ «Սոցիալական կենսաթոշակներ»  ծրագրով նախատեսվում է պետբյուջեից հաջորդ տարի տրամադրել  9 867.0 մլն դրամ `2012 թվականի` 10 070.4 մլն դրամ դիմաց: Կանխատեսվում է աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը աճ `31 345.8 դրամ 2012թվականի 31 254.5 դրամի դիմաց:

Մեկնաբանելով այս փոփոխությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանց չափը պայմանավորված է ոլորտում կատարված վերահաշվարկներով։

Ըստ բյուջեյի, հաջորդ տարի կանխատեսվում է գործազուրկների թվի նվազում և մահվան թվի աճ: Երկու դեպքում էլ նպաստների գումարը կմնա անփոփոխ` համապատասխանաբար 18 հազար դրամ և 200 հազար դրամ, եթե հանգուցյալը կենսաթոշակառու է:

Հաջորդ տարի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կավելանա 1 531.5 մլն դրամով, ինչը պայմանավորված է շահառուների թվաքանակի ընդլայնմամբ`  2013  թվականին շուրջ 148 000 մարդ` 2012 թվականի 117 200 մարդու դիմաց: Փաթեթի գումարը սակայն չի փոխվի ` 56 հազար դրամ:

Թողնել պատասխան

Back to top button