Տնտեսական

25 մլն եվրո՝ գյուղական համայնքների զարգացման համար

karenghazaryan
Այսօր մեկնարկել է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը»: Երեքամյա ծրագրով ԵՄ կողմից Հայաստանին է տրամադրվելու 25 մլն եվրո՝ գյուղական համայնքների զարգացման համար:

 

 

Ծրագրի շուրջ համատեղ աշխատանք է տարվել մեկ տարի՝ հայ գյուղացու կարիքներն ու գյուղատնտեսության առջեւ դրված առավել կարեւոր խնդիրները արտացոլելու համար: Այս մասին նշեց մեր երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ բոլոր ուղղություններով եւ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում: Այս ծրագիրն էլ այդ համագործակցության հերթական ծրագրերի լավագույն օրինակն է: Ծրագրի շրջանակներում ընտրվել են այնպիսի ուղղություններ, որոնք առաջնահերթ են եւ պայմանավորելու են գյուղատնտեսության զարգացումը: Այն առանձնակի կարեւոր նշաբնակություն ունի նաեւ աղքատության մակարդակի նվազեցման եւ գյուղական բնակավայրերում արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու գործում»:

Հայաստանի գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում հնարավոր է կրկնապատկել, անգամ՝ եռապատկել արտադրության եւ արտահանման ծավալները: Սերտ համագործակցությունն ու հետեւողական աշխատանքը հնարավորություն կտա դիմակայելու մարտահրավերներն ու հաղթահարելու բարդ խնդիրները՝ համոզված են ծրագրին մասնակից կողմերը: Նրանք հույս ունեն, որ ջանքերը կտան սպասված արդյունքները: ԵՄ ներկայացուցիչները ծրագիրը որակեցին որպես պատմական նախաձեռնություն:

«Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման այս լուրջ ներդրման արդյունավետ օգտագործումը երաշխավորվելու է բոլոր կողմերի մասնակցության ներգրավմամբ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ վերահաստատելով, որ ԵՄ-ի ընթացիկ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը կընդգրկի նաեւ հետագա աջակցության նախաձեռնություններ:

Back to top button