Միջազգային

Ամեն ինչ սկսել նորից. Դավութօղլուն դիմել է հայերին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է Radikal-ը:

«Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանը փոխանցված կարևոր հարցերից մեկն իր զգացմունքներով ու գաղափարներով վեր հանել փորձող Հրանտ Դինքի՝ կյանքից հեռանալուց ութ տարի է անցել: Դինքի ընտանիքին և նրան սիրողներին համբերություն եմ մաղթում: Դինքը Անատոլիայի համար թանկ մտավորական էր, որը ցանկանում էր հայերի և թուրքերի համար ընդհանուր ճանապարհ կառուցել:

Այդ համատեքստում ցանկանում եմ դիմել հայ-թուրքական բարեկամությանը հավատացող յուրաքանչյուրին՝ հրավիրում եմ նոր սկզբի համար ներդրում ունենալու և դիմում եմ բոլոր հայերին»,-ասել է Դավութօղլուն:

Նա դարձյալ նշել է, որ «1915-ի հարկադիր տեղահանությունը» թելադրված է եղել պատերազմի պայմաններով, և Թուրքիան երկու ժողովուրդների միջև զգացմունքային կապերի ստեղծման համար համբերություն և վճռականություն է ցուցաբերում: Նա դարձյալ հիշատակել է անցյալ տարի ապրիլի 23-ին Էրդողանի արած հայտարարությունը:

«Ժամանակը 1915-ում կանգնեցրած մեծ տրավման հետևում թողնելու ճանապարհը պետք է մեկնարկի տաբուները կոտրելուց: Թուրքիան հաղթահարել է այդ քայլը: Երկու բնիկ ժողովուրդները հնարավոր է, որ հասկանան և միասին նայեն ապագային: Նույն աշխարհագրությունն ու երկարատև պատմությունը կիսած հայերն ու թուրքերը բոլոր խնդիրների լուծումները միմյանց հետ խոսելով, ճանապարհներ որոնելով, միասին կարող են գտնել: 800-ամյա մեր ընդհանուր պատմության համատեքստում միմյանց վերստին ճանաչելը, մարդկային հարաբերություններ ունենալը մեր ձեռքում է: Դա հասկանալով՝ մեր հայ բարեկամներին առաջարկում ենք ավելի հաճախ այցելել Թուրքիա, առաջարկում ենք փոխադարձաբար կոտրել կարծրատիպերը»,-ասել է նա:

Դավութօղլուն խոսել է նաև հակական մշակութային արժեքների պահպանման մասին:

«Ցավերը կիսելու, վերքերը կապելու ու դարձյալ բարեկամություն հաստատելու մեր ցանկությունն անկեղծ է: Մեր ցանկությունն է՝ բարեկամություն և խաղաղություն հաստատելը»,-ասել է նա:

Back to top button