

Սպասվում էր, որ հունվարի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի հավակնորդ երեք թեկնածուները Ստրասբուրգ կմեկնեն ու կմասնակցեն հարցազրույցի, որից հետո արդեն ԵԽԽՎ՝ հունվարի 26-ին մեկնարկող ձմեռային նստաշրջանի ընթացքում կքննարկվի դատավորի ընտրության հարցը: Հարցազրույցներըը, սակայն, չեն կայանա , իսկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանի դատավորի հարց չի քննարկվի: Հանրապետության նախագահի հունվարի 12-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ավելի վաղ ստորագրված հրամանագիրը, որով հաստատվել էր մրցույթում հաղթող ճանաչված 3 թեկնածուների ցուցակը : Սա նշանակում է, որ գործընթացն առնվազն կանգ է առնում կամ սկսվում է նորից:
Հանրապետության նախագահի հունվարի 12-ի հրամանագրից հետո ստեղծված իրավիճակն առայժմ անորոշ է կամ հարցեր է առաջադրում, որոնք դեռ պատասխաններ չունեն: Հստակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի ընտրության գործընթացը կասեցված է, իսկ ընթացքով կշարունակվի ՝ առայժմ անորոշ է:
Իսկ գործընթացը սկսվել էր աշնանը. այս նպատակով մրցույթ էր հայտարարվել, մրցութային հանձնաժողով էր ձևավորվել, ընտրության կարգ էր սահմանվել, համաձայն որի էլ 10-ից ավելի թեկնածուներից ընտրվեցին երեքը:
Ի դեպ, մրցույթի արդյունքներով ամենաբարձր միավորները ստացել էին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և իրավաբան Վիգեն Քոչարյանը, բայց սեռերի ներկայացվածության սկզբունքն ապահովելու նպատակով մրցութային հանձնաժողովը որոշել էր երրորդ թեկնածուի փոխարեն հաղթողների ցուցակում կին ներկայացուիչ ընդգրկել, որն այս դեպքում կին թեկնածուներից ամենաբարձր արդյունքն ապահոված մասնակիցն էր ՝դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը:
Հաղթողների ցուցակը հաստավել էր հանրապետության նախագահի կողմից և ուղարկվել Ստրասբուրգ: Ավելին, Ստրասբուրգից թեկնածուներն արդեն հարցազրույցի մասնակցելու հրավեր էին ստացել, որն, ըստ Արտգործնախարարության ծանուցման, պետք է տեղի ունենար հունվարի 16-ին: Հունվարի 12-ին , սակայն, պարզ դարձավ, որ գործընթացը կասեցվում է:
Հանրապետության նախագահի հրամանագրում հղում կա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի կարծիքին: Այն, ի դեպ, պետության համար պարտադիր չէ և կոնֆիդենցիալ է: Խումբն ընդհանրապես գնահատում է պետության կողմից առաջադրված թեկնածուների համապատասխանությունը, նրանց համարժեքությանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված, իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:
Հայաստանյան ցուցակի դեպքում խումբն այդ համապատասխանությունը, փաստորեն, չի գտել: Թե ինչու, որ հարցում կամ որ թեկնածուի առնչությամբ, եռյակի անդամներից Արա Ղազարյանի դիտարկմամբ, ամբողջությամբ պարզ չէ, բայց նա համոզված է մեկ հարցում՝ խնդիրը ոչ թե մրցույթի ընթացակարգերի, այլ թեկնածուների մեջ է:
Ի դեպ, նույն խորհրդատվական խումբը դեկտեմբերի 14-ին նմանատիպ որոշում է կայացրել Սերբիայի վերաբերյալ, բայց այս դեպքում հստակ նշվել է , թե առարկությունը որ թեկանծուին է վերաբերում, ավելին ՝ որոշել է նրան փոխարինել մեկ այլ թեկնածուով, ի դեպ առանց նոր մրցույթի:
Արա Ղազարյանը կարծում է, որ ըստ այս նախադեպի փոփոխություններ կարող են լինել նաև առանց մրցույթի: Թեև ավելի հավանական մնում է նոր մրցույթ հայտարարելու տարբերակը: Որոշումը կամ առնվազն պարզաբանումներ ներկայացնելը ակնկալվում է մրցութային հանձնաժողովից:
Իսկ մրցույթի օրինականությունը կասկածի տակ էր դրվել մասնավորապես «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության կողմից. այն դիտորդական առաքելություն էր իրականացրել, հետևել էր ընտրության գործընթացի բոլոր փուլերին, բազմաթիվ խախտումներ էր արձանագրել և դրանք ամփոփող զեկույցն ուղարկել էր Ստրասբուրգ: Կազմակերպության ներկայացուցիչները այս շրջադարձից հետո համոզված են՝ խորհրդատվական խմբի դիրքորոշման վրա ազդել են հենց զեկույցի փաստերն ու արձանագրումները:




