Հասարակություն

Հոգեւորականի ներկայությունը ՔԿՀ-ներում՝ անհրաժեշտություն

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը հիմնվել է դեռեւս քսան տարի առաջ՝ ներկայիս Վեհափառ հայրապետի օրհնությամբ: Անհրաժե՞շտ է արդյոք բանտերում հոգեւորականի ներկայությունը, եւ ինչո՞վ կարող է նա օգնել կալանավորներին. քրեակատրողական հիմնարկներում հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը կարծում է, որ յուրաքանչյուր հեգեւորական այս բնագավառում եւս անելիք ունի, պետք է կալանավորների մեջ կարողանալ հավատք արթնացել: Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում խոստովանել է,որ կին դատապարտյալների հետ առավել դժվար է աշխատել:
23-ամյա կնոջ աչքերում ափսոսանք կա, չնայած երիտասարդ տարիքին, հայացքը հասուն է, ձայնը՝ ինքնավստահ, սակայն դիմագծերում թաքնված տառապանք կա, կարոտ ու անսահման զղջում: Արդեն 4 տարի շարունակ 23-ամյա Քնարիկ Մաթեւոսյանը իր օրերն անցկացնում է Աբովյան ՔԿՀ –ում: Գյումրիից է: Ինչպես ինքն է ասում, «ռազբոյ» է արել (ավազակային հարձակում), որի համար դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման: Խոստովանում է, որ ընտանիքը դժվարությամբ է ներել իր արարքը, ունի փոքրիկ Ալենին, ով անհամբերությամբ մոր վերադարձին է սպասում:

Քնարիկը Հայաստանի այն 207 կանանցից մեկն է, ում կյանքում, որպես բաժանարար, հայտնվել են բանտի ճաղերը: Ու որքան էլ խոստովանի, որ բանտում անցկացրած տարիները իր համար փորձաքար են եղել, միեւնույնն է հասարակությունն այս կանանց դժվարությամբ է ներում: «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանն ասում է, որ հայ հասարակությունն ավելի խիստ դատում է նույն արարքը կատարած կնոջը, քան տղամարդուն: Նա համոզված նշում է, որ քրեակատարողական հիմնարկը չի ուղղում այնտեղ հայտնված անձանց, այլ ընդամենը զսպաշապիկ է, քանի որ դատապարտյալների հետ տարվող աշխատանքները բավարար չեն, իսկ քրեակատարողական հիմնարկներում ուղղման միջոցառումների իրականացման մասին խոսելն ավելորդ է: Քնարիկը նույնպես ունի այդ վախը, քանի որ չգիտի բանտից դուրս գալուց հետո ինչ է սպասվում իրեն:

Հոգեշնորհ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանն ասում է, որ քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր հեգեւորական այս բնագավառում անելիք ունի, պետք է կալանավորների մեջ կարողանալ հավատք արթնացել: Հոգեւորականի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, որոնք դառնացած են կյանքի հանդեպ եւ, իրենց պայմաններից ելնելով՝ հույսի, լույսի, նոր կյանքի խնդիր ունեն իրենց մեջ, ինչպես նաեւ՝ հոգեւոր խոսքի եւ հավատքի: Սակայն Տեր Ռուբենը ասում է, որ առավել դժվար է աշախատել կին բանատարկյալների հետ :

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր հոգեւրականի համար ծառայության լավագույն գնահատականն է, երբ դատապարտյալը դուրս է գալով Քրեակատարողական հիմնարկից՝ այլեւս չի վերադառնում այնտեղ:

Կարդացեք նաև

Back to top button