

2014-ը ծանր տարի էր, տարատեսակ տարի էր, հակասական տրամադրություններ առաջացնող՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ամփոփելով տնտեսական տարին: Նրա գնահատմամբ՝ նոր կառավարությունը կարեւոր քայլեր կատարեց օրենսդրական դաշտում եւ կարեւոր է, որ կարծես խուճապի մեջ չէ ու գտնվում է որոշակի դրական տրամադրության մեջ: Նրա խոսքով՝ դրական էր նաեւ, որ որոշակի քայլեր պայմանավորվեցին հասարակական շարժումներով: Կառավարության բերած թվական ցուցանիշերը Գագիկ Մակարյանը չի գնահատել, նշելով, որ դրանք չի համարում իրական աշխուժացում, քանի որ մարդիկ այդ դրականը չեն զգում, այլ՝ հակառակը: Սակայն, գործատուների միության նախագահի կարծիքով, ստեղծվել են որոշակի նախադրյալներ, որ կարող են հոսադրող լինել գալիք տարվա համար:
Փոքր բիզնեսը 2015-ին ստացավ զարգանալու հնարավորություն: Հայաստանի գործատուների միության նախագահը կարծում է, որ գալիք տարում էականորեն պետք է զարգանա ընտանեկան բիզնեսը: Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս ուղղությամբ լուրջ քայլեր են պետք, քանի որ այն կարեւոր գործիք է աղքատության հաղթահարման համար: Մինչդեռ՝ այդ մասին պետական մարմինների ներկայացուցիչները քիչ են խոսում:
«Ինչ տեղի ունեցավ՝ աղքատությունը էականորեն մենք չկարողացանք կրճատել. մնաց նույն ցուցանիշների վրա: կարծում եմ, որ վերջին իրադարձությունները նույնիսկ ավելացրեցին աղքատությունը: Եկրորդ՝ գործազրկության տեմպերը էականորեն չեն նվազել, ընդհակառակը՝ տենդենց կա, որ կարող է ավելանան. հենց այս իրավիճակների պատճառով: Արտահանումը նվազեց՝ կարծում եմ կգտնվի 8-8.5 տոկոսի սահմաններում: ես արդեն նախնական հաշվարկել եմ»:
Նվազել է նաեւ ներմուծողների եւ արտահանողների ակտիվ կապիտալը: Դրամի արժեզրկման արդյունքում կորուստներ ունեցան թե արտահանողները, թե ներմուծողները, թե ժողովուրդը: Այս երեք գործոնների բացասական ազդեցությունը կզգացվի գալիք տարում՝ հավելեց Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ թեեւ նոր կառավարությունը նախկինի համեմատ ավելի գործնական թիմ ունի, սակայն չունի տնտեսագետների ուժեղ թիմ ու տնտեսագիտական միտք, որ կարողանա գնահատել ու կանխարգելել նման երեւույթները:
«Կարծում եմ, որ սա կարեւոր եզրակացություն է եւ կառավարությունը 15 թվին իր տնտեսագիտական թիմը պետք է ուժեղացնի»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ զարմանալիորեն ներդրումները մեծանում են: Ըստ նրա՝ գործում է այն տրամաբանությունը, որ Հայաստանը դառնում է կամուրջ Եվրոպական եւ Եվրասիական տնտեսությունների միջեւ, հատկապես՝ Ռուսաստանի սանկցիաներից հետո: Նա չի բացառում, որ գալիք տարում արտասահմանյան երկրների ներդրումները Հայաստանում զգալիորեն ակտիվանան՝ չնայած նրա, որ կա անհավասար մրցակցություն, ստվերի նույն մակարդակ, կոռուպցիայի բարձր մակարդակ: Հայաստանի գործատուների միության նախագահի կարծիքով՝ ներկայիս իրավիճակում ակտիվություն պահելու համար պետք է փոխվի նաեւ հարկային ստուգումների՝ ձեռնարկություններում ինչ որ բան անպայման գտնելու հոգեբանությունը: «Զավեշտալի է, երբ վերջին իրադարձությունների պատճառով շրջանառության նվազման համար հարկային մարմինները բացատրություն են պահանջում»,-հավելեց բանախոսը:
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ վերջին զարգացումները կապված դրամի արժեզրկման եւ ԿԲ-ի պահվածքի հետ պետք է դառնա կառավարության եւ խորհրդարանի լուրջ քննարկման առարկա եւ դրանց համար լինի պատասխանատվություն կրող, քանի որ շատ մեծ վնասներ են հասցվել եւ հարց է, թե ինչու ԿԲ-ի ընդհանուր կեցվածքը խաբուսիկ իրավիճակ առաջացրեց, այդ թվում՝ նաեւ կառավարության համար:




