
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ կանխել է Բելառուսի տարածքով հայկական ծագում ունեցող վարդերի ապօրինի ներմուծման փորձը Ռուսաստան։ Գերատեսչության տվյալներով՝ Սմոլենսկի մարզում առգրավվել է 39 200 վարդ, որոնք ուղեկցվել են կեղծ փաստաթղթերով։
Ըստ հայտարարության՝ բեռը փաստաթղթերում ներկայացվել էր որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ, սակայն ստուգման ընթացքում պարզվել է, որ դրանք ծաղիկներ են, որոնք չունեն անհրաժեշտ բուսասանիտարական և ուղեկցող փաստաթղթեր։ Միաժամանակ հայտնաբերվել են հայկական ծագումը հաստատող նույնականացման պիտակներ։
«Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ վարդերի խմբաքանակը ոչնչացվել է, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ են մտել Հայաստանից ծաղկի և կարանտինային բուսական արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ:




