
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ծրագրում են հանդիպում անցկացնել Վաշինգտոնում հուլիսի 28-ին, ուրբաթ օրը հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում լրագրողների անանուն զրուցակիցը հաստատել է, որ Զելենսկին «շահագրգռված է ԱՄՆ մեկնելու հարցում», սակայն նրա թիմը Սպիտակ տանից սպասում է Թրամփի աշխատանքային գրաֆիկի պաշտոնական հաստատմանը։ Ըստ այդ աղբյուրի՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք քննարկել են Ռուսաստանին օդային տարածքում հրադադար հաստատելու առաջարկ ներկայացնելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթի շրջանակներում։
Կիևն արդեն առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաստատել հրադադարի ռեժիմ, սակայն նա մերժել էր այդ առաջարկը, հայտնել է «Reuters»-ի ուկրաինացի զրուցակիցը։
Այնուամենայնիվ, Պուտինի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն այժմ ուժեղ ճնշման է ենթարկվում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ Կիևի շարունակական հարձակումների պատճառով, կարծում են որոշ դիտորդներ։
Հուլիսի 22-ին Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, ինչից հետո հայտնել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարող են մոտ ժամանակներս հանդիպել Միացյալ Նահանգներում։
Հուլիսի 24-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարան, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատին և Գլխավոր շտաբի պետ Իգոր Սկիբյուկը Կիևում հանդիպել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերի հետ և, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, քննարկել ռազմադաշտում Ռուսաստանին հակազդելու ռազմավարությանը, հակաօդային պաշտպանության ամրապնդմանը և «Patriot» հրթիռների տեղակայմանը վերբերող հարցեր։
Նշվում է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ծրագրված է 2026 թվականի հուլիսի 28-ին Վաշինգտոնում՝ սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողության միջոցառումների շրջանակում։




