ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թերլիցքավորում, չստուգաչափված սարքեր և անվտանգության խախտումներ․ երկամյա ստուգումների արդյունքները

Բենզալցակայաններում հայտնաբերված խախտումները միայն հրդեհային անվտանգության կանոնների անտեսմամբ չեն սահմանափակվում։ Տեսչական ստուգումներն արձանագրում են նաև թերլիցքավորման, չստուգաչափված սարքերի շահագործման և վառելիքի որակի հետ կապված խնդիրներ։ Ստուգումները սկսվել են 2024-ին և ամփոփվել 2026-ին։  Երկու տարվա ընթացքում հարյուրավոր որոշումներ են ընդունվել, տասնյակ լցակայանների աշխատանք է դադարեցվել, բայց մի շարք հարցեր շարունակում են հրատապ մնալ։ Որքանո՞վ է արդյունավետ վերահսկողությունը և պաշտպանված սպառողը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ 2024 թ․ օգոստոսից մինչև 2026 թ․ հուլիսի 1-ը հանրապետությունում բենզագազալցակայանների շահագործումը դադարեցնելու 317 որոշում է ընդունվել։ Ստուգումներն են անցկացրել ամբողջ հանրապետության տարածքում՝ փորձելով գնահատել, թե որքանով են լցակայանները համապատասխանում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ գազաբենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, հետևաբար դրանց համար պարտադիր են ամենամյա փորձաքննությունն ու պետական հաշվառումը․

«Քանի որ բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, ունեն ենթակառուցվածքներ՝ դիսպենսերներ, ռեզերվուարներ և այլն, պետք է պարտադիր ամենամյա փորձաքննություն անցնեն, ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում հաշվառված լինեն և ունենան շահագործման դրական եզրակացություն»։

Եթե շահագործումը դադարեցնելու որոշում է ընդունվում, տնտեսվարողը պարտավոր է դատարկելու և կոնսերվացնելու վառելիքի ռեզերվուարները։ Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո օբյեկտն այլևս հարակից տարածքի համար վտանգավոր չէ․

«Եթե ռեզերվուարները դատարկում և կոնսերվացնում են, ո՛չ։ Եթե դատարկված ռեզերվուար է, և մենք, օրինակ, չշահագործելու որոշում ենք ընդունել, տնտեսվարողը պարտավոր է սահմանված ժամկետում դատարկելու։ Վառելանյութը չենք թողնում, որ երկար մնա ռեզերվուարներում կա՛մ իրենց միջոցներով են դատարկում, կա՛մ մենք ենք դատարկում»։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ շահագործման դադարեցման ամենատարածված պատճառները շարունակում են մնալ անվտանգության պահանջների խախտումները՝ շինություններից սահմանված հեռավորությունը չպահպանելը, հրդեհաշիջման համակարգերի բացակայությունը կամ անսարքությունը, էլեկտրասարքավորումների ոչ պատշաճ շահագործումը և հակահրդեհային միջոցների անբավարար ապահովումը։

Ոլորտը վերահսկում է նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, սակայն այստեղ ուշադրության կենտրոնում արդեն վառելիքի որակն է, չափագիտական նորմերի պահպանումն ու թերլիցքավորումը։

Տեսչական մարմնի տվյալներով՝ 2024 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2026 թ․ մայիսի 31-ն արձանագրված խախտումների մեծ մասը վերաբերում է չափման միջոցների շահագործմանն ու թերլիցքավորմանը։

Եթե 2025–ին չափման միջոցների շահագործումն արգելելու վերաբերյալ արձակվել էր ընդամենը 5 կարգադրագիր, ապա 2026–ի առաջին հինգ ամիսներին այդ թիվն արդեն հասել է 42-ի։

Թերլիցքավորման դեպքերը նույնպես աճել են։ Մեջբերում․

«2024 թ օգոստոս-դեկտեմբերին արձանագրվել է 15 դեպք, սակայն այդ ժամանակ շահագործումն արգելելու կարգադրագրեր չեն տրվել։ 2025–ին գրանցվել է 11 դեպք, որոնցից երկուսի դեպքում տնտեսվարողները ստացել են համապատասխան կարգադրագրեր, իսկ 2026 թ առաջին հինգ ամիսներին արձանագրված 19 դեպքերից 11-ի դեպքում կիրառվել է նույն միջոցը»։

Վառելիքի որակի ստուգումները ևս մտահոգիչ պատկեր են բացահայտում։ Անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող փորձանմուշների թիվը 2024–ի օգոստոս-դեկտեմբերին եղել է 13, 2025–ին՝ 26, իսկ 2026–ի առաջին հինգ ամիսներին՝ արդեն 28։

Հանրապետությունում փաստացիորեն ապամոնտաժվել է 78 գազաբենզալցակայան, որոնցից 36-ը՝ Երևանում, 42-ը՝ մարզերում։ Տեսչական մարմնի որոշումներից 38-ը բողոքարկվել են դատարանում, խախտումների վերացումից 99 կայանի շահագործում կրկին թույլատրվել է։

Կարդացեք նաև

Back to top button