
Հուլիսի 23-ին Մանիլայում, Հարավարևելյան Ասիայի պետությունների՝ ASEAN- ի նախարարական միջոցառումների շրջանակներում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «ուկրաինական խնդրի քննարկման ընթացքում Լավրովը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում իրական իրավիճակի մասին տեղեկությունը եւ ընդգծել Կիեւի վարչակարգին շարունակ զինելու անթույլատրելիությունը, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը, որոնք մինչեւ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել «ռազմավարական պարտություն»։
Նա նաև վերահաստատել է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հիշատակելով Անքորիջում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում ամերիկյան կողմի առաջարկները, որոնց հետ Ռուսաստանի նախագահը համաձայնել է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի անվտանգության իրավիճակը։
Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք համագործակցության վերականգնումը։ Նրանք նաև հանդես են եկել միջխորհրդարանական շփումների և մշակութային կապերի զարգացման օգտին։
Առանձին անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության միջոցով։




