ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հաճախ տրամաբանելով ենք նորոգում նոր ժամացույցները»․ Արմավիրի վերջին ժամագործները՝ կես դար նույն սեղանի շուրջ

Արմավիրում մինչև 90-ականները 11 ժամագործ էր աշխատում, այսօր մնացել են ընդամենը երկուսը։ Ջիվան Ավդալյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը արդեն ավելի քան կես դար վերանորոգում են անսարք ժամացույցները, բայց իրենց արհեստը շարունակող չունեն։ Նրանց աշխատանքի սեղանին տասնյակ մանր դետալներ են, որոնք անզեն աչքով գրեթե անտեսանելի են։ Հենց այստեղ են վերակենդանանում ժամացույցները։ Ռուբենը վարպետ Ջիվանի միակ աշակերտն է եղել։

Ժողովրուրդն ասում է՝ արհեստավորը մինչև կեսօր է սոված: Խորհրդային տարիներին արհեստավորների աշխատանքը համակարգում էր կենցաղի տունը, որտեղ տարբեր մասնագիտական խմբեր էին գործում՝ փայտագործ, ատաղծագործ, լուսանկարիչ, ոսկերիչ, վարսավիր, ժամագործ և այլ մասնագետներ: Նրանք այդ արհեստները սովորում էին մասնագիտացված ուսումնարաններում, կամ դասեր էին առնում վարպետներից:

Հենց այդպես էլ ժամագործ են դարձել Ջիվան Ավդալյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը. Ջիվանը՝ ավագ եղբորից է սովորել, Ռուբենը՝ վարպետ Ջիվանից:

«Ընտանիքում ես սովորել եմ իմ եղբորից: Եղբայրս Ուկրաինայում էր աշխատում, գնացի այնտեղ՝ հատուկ ժամագործություն սովորելու համար: Ուկրաինայում տարբեր տեղեր եմ աշխատել, իսկ 1971թ. մարտի 13-ից մինչև հիմա այստեղ եմ աշխատում, որից 10 տարին՝ հյուրանոցում, հետո նորից վերադարձել եմ այստեղ: Ռուբենին այստեղ եմ սովորեցրել: Ամենասկզբում Նալբանդյան գյուղում եմ աշխատել»:

Ռուբենը վարպետ Ջիվանի միակ աշակերտն է եղել, հայրն է ուղղորդել ժամագործություն սովորել: Ամառային արձակուրդներին տղան պարապ չպիտի մնար, և նրան տարել է արհեստ սովորելու։ Այդ ընտրությունն արդեն 52 տարի նրա առօրյան է։

«Ինձ համար այս աշխատանքը դարձել է անհրաժեշտություն, որպես իսկական մասնագիտություն, և երբեք ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել: Հողագործությամբ, անասնապահությանբ զբաղվել եմ, կոոպերատիվ եմ բացել, բայց երբեք այս գործից մեկ րոպե անգամ չեմ հրաժարվել»:

Այսօր միայն Ջիվան Ավդալյանն ու Ռուբեն Մարտիրոսյանն են Արմավիրում ժամագործ։ Մի քանի տասնամյակ առաջ քաղաքում շուրջ մեկ տասնյակ ժամագործ էր աշխատում։ Ռուբենի համոզմամբ՝ արհեստը միայն ուսումնարանում սովորել հնարավոր չէր․ իրական գիտելիքը փոխանցվում էր վարպետի կողքին աշխատելով։

«1970-ականներին ուսումնարան կար, չնայած այնտեղ ավարտածներից ոչ մեկը չաշխատեց, որովհետև մինչև վարպետի ձեռքի տակ չլինես՝ չես կարող աշխատել: Ես գիտեմ մարդկանց, որոնք ավարտել են ու չեն աշխատել: Մինչև 90-ականները Հոկտեմբերյանում կար 11 ժամագործ, գյուղերում էլ կար, բայց հիմնականում 10-11 հոգի քաղաքում էինք աշխատում»:

Աշխատանքը սիրելով են ժամագործներն աչքին դնում խոշորացույցը։ Վարպետների խոսքով՝ 70-ականներին գործն ավելի հեշտ էր, քանի որ ժամացույցների տեսակները քիչ էին՝ հիմնականում մեխանիկական և կվարցային։ Ռուբենի նախընտրությունը մինչև օրս մեխանիկական ժամացույցներն են։

«Էլեմենտով ժամացույցներն ավելի շատ են, բայց մեխանիկական մեխանիզմով աշխատող ժամացույցներ էլ են բերում, ասենք՝ 10-ից 2-3-ը մեխանիկական է: Սրանք ավելի հուսալի են ու երկար են աշխատում, քան էլեմենտովը»:

Ժամացույցի մասերը երբեմն դժվարությամբ են գտնում: Ավելի քան 60 տարվա փորձ ունեցող Ջիվան Ավդալյանի սուր աչքն անմիջապես գնահատում է՝ ժամացույցը կաշխատի թե ոչ:
«Մեծամասամբ այ այսպիսի էլեմենտով ժամացույցներ են, մեխանիկական էլ կան՝ բարդ մեխանիզմներով: Առաջվա «Պոբեդա», «Լուչ», «Վոստոկ», «Չայկա» ֆիրմայի ժամացույցները չեն, ուրիշ են, չենք էլ տեսել, բայց, որպես հին մասնագետ՝ տրամաբանելով նորոգում ենք»:

Վարպետ Ջիվանը խոսում է ձեռքը գործից չկտրելով։ Թկթկոցը վերադարձավ՝ ժամացույցը նոր կյանք է ստացել։ Ռուբենն ասում է՝ խորհրդային տարիներին ամենահուսալին ճապոնական ժամացույցներն էին։

«Ճապոնական «Օրիենթ» մակնիշի ժամացույց է, մոտավորապես 1973-74թթ է: Ժամացույցների մեխանիզմին նայելով, նույնիսկ նեյլոնի գույնով կարող եմ ասել, թե որ թվականի ժամացույց է: Այս ժամացույցը երևի 6 անգամ վերանորոգել եմ, իր մասերից մնացել է երևի 70 տոկոսը, մնացածը փոխված է: Որ ժամացույցը հերմետիկ է փակվում՝ երկար է աշխատում: Ճապոնականները հերմետիկ են փակվում»:

Չինական էժան ժամացույցների նկատմամբ վարպետներն առանձնապես վստահություն չունեն։ Ասում են՝ դրանք հիմնականում վերանորոգման ենթակա չեն, և ժամանակ վատնել չեն ցանկանում։

Ռուբենի արհեստանոցի մի անկյունում պատի մի քանի ժամացույց է, այդպիսի շուրջ 50-նն էլ իր տանն է պահում: Ընդհանուր առմամբ 300-ից ավելի ժամացույց ունի. մի մասը նվիրել են, մի մասը՝գնել։ Բայց հավաքածուն հանրությանը ներկայացնել մտադիր չէ։

Ժամանակի հետ ժամացույցների տեխնոլոգիան զարգացել է՝ մեխանիկական ու կվարցային մոդելների հետ առաջ են եկել ավտոմատ, էկո-դրայվ և սմարթ ժամացույցները։ Սակայն Արմավիրում հին արհեստը շարունակող երիտասարդներ այլևս չկան։ Եթե աշակերտներ չգտնվեն, քաղաքի վերջին երկու ժամագործների հետ կարող է ավարտվել նաև այս մասնագիտության պատմությունը։

Կարդացեք նաև

Back to top button