
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ծավալուն հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 25 րոպե: ԱՄՆ անկախության 250-ամյակի օրը զրույցն անցկացնելու նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:
Ղեկավարները հանգամանալից քննարկել են ուկրաինական կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակին և կայունացման ուղիներին:
Ուկրաինայի հարցը քննարկվել է նաև Դոնալդ Թրամփի՝ հուլիսի 7-8-ը Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համատեքստում։ Ուշակովի խոսքով՝ ռուսական կողմը Կիևի և եվրոպական պետությունների գործողությունները որակել է որպես հակամարտության երկարաձգմանն ուղղված։
Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու ռազմական գործողությունների արագ դադարեցմանը։ Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը և պատրաստ են անհրաժեշտության դեպքում այցելել Մոսկվա։
Կողմերը դիտարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:
Կրեմլի փոխանցմամբ՝ զրույցն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները բարձր մակարդակով:




