
Սահմանադրական դատարանը մերժեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները և անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Այդպիսով՝ ընտրությունների վերջնական արդյունքները մնացին ուժի մեջ։ Շուրջ մեկ շաբաթ տևած քննությունից հետո որոշումը դահլիճում ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ արձանագրելով, որ այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց ներկայացրած փաստարկները բավարար գնահատական չեն ստացել՝ պնդելով, որ ընտրական գործընթացում արձանագրված խախտումները մնացել են չհասցեագրված, իսկ կայացված որոշումը չի վերացնում արդարության վերաբերյալ իրենց մտահոգությունները։
ՍԴ-ն մերժեց ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։
Այսինքն՝ ընտրությունների արդյունքները չեն փոխվում, ԿԸՀ-ի որոշումը մնում է ուժի մեջ, և ընտրությունների արդյունքները համարվում են վերջնական։
Բարձր դատարանի դատավորների դահլիճ մտնելուց 1 րոպե անց ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընթերցեց շուրջ մեկ շաբաթ դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։

«ՍԴ-ն որոշեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259 որոշումը թողնել ուժի մեջ»։
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բարձր դատարանի սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց՝ իրենց փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզեն՝ ինչ հանգամանքներ էին ազդել ՍԴ որոշման կայացման վրա։
«ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: 6 օր տևած դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ արձանագրել էի, որ այս բողոքարկումը որակապես տարբեվում է մնացած բողոքարկումներից։ Ոչ թե այն պատճառով, որ մնացած բողոքարկողները վատ էին բողոքարկել կամ վատն էր բողոքը, այլ այս դեպքում ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ ըստ էության, մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ։ Այսինքն՝ եթե այդ որոշումը չէր լինում ստանում էին մանդատները, այդ որոշումը կար՝ չէին ստանում մանդատները և համապատասխանաբար չէին ստանում այնպիսի ցածր տարբերությամբ, որը դատական նիստի ժամանակ ԿԸՀ աշխատակիցն ընդունեց։ Որ այո՛, իրենց համակարգը 100 տոկոս ճշտությամբ չի կարող վերարդատրդել»։
Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց՝ կա՛ Սահմանադրություն, կա՛ ՍԴ, բայց չկա՛ սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրական արդարադատության համար, իհարկե, առաջնային է Սահմանադարակն դատարանի կազմի լեգիտիմության խնդիրը, որը, ցավոք, չհաղթահարվեց։ ՍԴ-ն հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է։ Այն խնդիրները, որոնք մենք ներկայացրել էինք գնահատողական դատողությունների տիրույթից դուրս էին։ Դրանք ակնհայտ էին, դրանք հայտնի էին։ Պարզապես դրանք պետք է նաև իրավական կերպով ճիշտ ամրագրվեր։ Եվ դա ամրագրվեց»։
Ի տարբերություն ընդդիմադիրների՝ իշխող ուժի ներկայացուցիչները կարծում են, որ ՍԴ որոշումը փաստում է արդարադատության կայացումը։ Նախարար Սրբուհի ԳալյանըՍԴ որոշման հրապարակումից հետո գրել է․
«Արդարադատություն տեղի ունեցավ։ Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս»։
ՍԴ որոշմանը նաև արնդրադարձել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, նշելով՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, այսպես ասենք, արդարացրեց բոլորի սպասումները․ իշխանությանը, որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և ընդդիմությանը, որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։




