
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը հաղթանակով է նշել իր նորամուտը Real American Freestyle (RAF) լիգայում։
Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող RAF 10 մրցաշարի նախնական քարտում հայ ըմբիշը տեխնիկական առավելությամբ գերազանցել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Քելեբ Սմիթին։
Գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում՝ 14։4 հաշվով։ Թեև պուերտոռիկացին մեկնարկում բավականին ակտիվ էր և կարողացավ արագորեն 4 միավորի առավելություն ստանալ, Հարությունյանը ցուցաբերեց կամային բարձր որակներ։
Հայ մարզիկը ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրեց գոտեմարտի ընթացքն ու վստահորեն հասավ ժամանակից շուտ հաղթանակի։
Հունիսի 14-ին կայացող RAF 10 մրցաշարի հիմնական քարտում սպասվում է ևս մեկ հայ մարզիկի ելույթ. Արման Ծառուկյանն ուժերը կչափի Թոնի Ֆերգյուսոնի հետ։ Իսկ մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի Խամզատ Չիմաևի և Դիլոն Դենիսի դիմակայությունը։
Աղբյուր՝ armsport.am




