Մշակույթ

Կինոգործիչների ակնկալիքները 2015- ից ավելի մեծ են

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանն առաջիկայում կդառնա համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ։ «Եվրիմաժը» համատեղ կինոնախագծերը ֆինասավորող եվրոպական ամենամեծ կառույցն է»,- այսօր հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Մինչ հայ կինոգործիչները կօգտվեն  Եվրիմաժի հնարավորություններից, հայ կինոն 2015-ին ևս կփորձի արարել ու կայանալ պետբյուջեից տրամադրված 293 միլիոն դրամի շրջանակներում: «Ֆինանսական տեսանկյունից ամենախեղճ վիճակում ենք,  բայց ամենատարբեր փառատոներին մասնակցության թվով առաջատարների մեջ  ենք»,- նկատում է ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Հայկական ֆիլմերի որակը ևս տարեցտարի լավանում է, բայց բոլորիս կողմից սպասաված հայ կինոյի մեծ կտավը դեռ չի ստեղծվել: Որակի առումով քայլերը բավականին դանդաղ են ընթանում, բացի այդ՝ ով պատահի այսօր փորձում է ֆիլմ նկարել, ասում է Գևորգ Գևորգյանը։ Նա չի բացառում, որ հիշյալ մեծ կտավն ի հայտ կգա ցեղասպանության  100-ամյակին նվիրված ֆիլմերի ցանկում: Այս թեմայով մի շարք հետաքրքիր կինոնախագծեն արդեն ընթացքի մեջ են։

Դրանց թվում են Վարդան Հովհաննիսյանի «Բանտարկված հոգիները», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն», Արսեն Ազատյանի «Դաշտը» ֆիլմերը։ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված արդեն նկարահանված ու դեռևս աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի ցանկն առավել ծավալուն է։

Ազգային կինոկենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ հայ կինոյի համար 2014-ը արդյունավետ տարի էր, բայց 2015-ից ակնկալիքներն ավելի մեծ են։

Կարդացեք նաև

Back to top button