Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Քաղաքական ուժերի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան և որ «իրենք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբ․) չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը»։

«Իրենք, ընդամենը 30% տվյալներ ունենալով, հայտարարում են, որ արդեն հաղթել են»։

Կարապետյանը հայտարարել է, որ հայտարարությամբ հանդես կգան առավոտյան 9։00-ին, երբ ԿԸՀ տվյալներն ամբողջական կլինեն։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ևս ընդգծել է, որ Փաշինյանը հայտարարությունն արել է, երբ քվեարկության արդյունքների մոտ 10 տոկոսն էր ամփոփված:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ հայտարարել է, որ «Մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն ԿԸՀ-ի՝ որպես պետական ինստիտուտի, հեղինակազրկման դրսևորում է, այլ նաև յուրատեսակ հրահանգ պետական ապարատին»։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել և հայտարարել ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի մասին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի նոր կառավարությունը։ 
 

Back to top button